Անցնենք կանաչ լույսով
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Հայաստանի լավագայն լրագրողներից մեկը, սակավաթիվ հեղինակավոր և որակյալ լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, իր հիասթափությունն է հայտնել հայկական ԶԼՄ-ներից և մեդիա դաշտից՝ նշելով, անշուշտ, գոյության ունեցող արատները։ Սակայն չեմ ընդունում հուսահատ և ծայրահեղացված եզրահանգումները՝ լրագրողն այլևս անելիք չունի, ուզում եմ «Հետքը» փակել և այլն։ Դեմ եմ որևէ ոլորտում վիճակը չափից դուրս դրամատիկ ներկայացնելուն, կոնկրետ այս դեպքում ինձ թվում է, որ այն, ինչ հնարավոր է անել, պետք է անել։ Դրա համար պայմանները, ինչ խոսք, հեոու են իդեալականից, բայց, ինչպես հայտնի Է, ամեն ինչ հարաբերական Է։ Լրագրողները, ինչպես և գրողները, կոմպոզիտորները, նկարիչները, աշխատում Էին և՛ Բրեժնևի, և՛ Ստալինի ժամանակ, և ոչ ոք չի կարող ասել, որ դաժան գրաքննության և գաղափարախոսական խիստ պարտադրանքի պայմաններում ստեղծած նրանց ամբողջ ժառանգությունը աղբ է և արժանի Է մոռացության։ Ամեն մի ժամանակ իր խնդիրներն ու բարդություններն ունի, և Էդիկի նման մարդիկ միշտ իրենց տեղն ու ասելիքը պետք է ունենան։
Ենթադրում եմ, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ իշխանավորներն ու հարուստ մարդիկ օգտագործում են լրատվամիջոցները՝ հասարակությանը տարբեր մանիպուլյացիաների ենթարկելու համար։ Կարծում եմ, որ մենք եզակի չենք նաև այն առումով, որ վերջին 4-5 տարիներին համացանցում հայտնվել են «լրատվամիջոցներ», որոնք իրականում այդդպիսիք չեն՝ դրանք կամ «թխում են» իսկական լրատվամիջոցների նյութերը, կամ էլ լուրեր են մոգոնում՝ հետաքրքրության առաջացնելու նպատակով՝ հաճախ նույն մանիպուլյացիայի շրջանակներում։
Ի՞նչ կարելի է հակադրել դրան։ Պայքա՞ր հանուն կամ ընդդեմ ինչ-որ բանի։ Կարծում եմ, որ՝ ոչ, որովհետև այդ դեպքում էլ մեծ է ինչ-որ քարոզչական խաղի մասնակցելու հավանականությանը։ Երբ որևէ մեկը փողոց է անցնում կարմիր լույսի տակ, դուք դրա դեմ պայքարո՞ւմ եք։ Ոչ, դուք խելոք սպասում եք, մինչև որ բացվի ձեր կանաչ լույսը՝ որքան էլ ձեր ճարպիկ համաքաղաքացիները ձեզ ընկալեն որպես կյանքից կտրված մի միամիտ մարդու։ Եթե այդ «շուստրիները» ցանկանում են կործանվել, իրենց գործն է։ Այդպես էլ տվյալ դեպքում, անենք մեր գործը այն հնարավորությունների սահմաններում, որոնք մեզ տրված են՝ այդպիսով, ի վերջո, լայնացնելով այդ հնարավորությունները։ Թող դա հնչի համեստ և ոչ հավակնոտ։ Հավակնոտներն արդեն վաղուց Ազգային ժողովի պատգամավորներ են։
…Վստահ Եմ, որ Էդիկի հուսահատությանը ժամանակավոր է՝ բոլորիս հետ էլ պատահում է, և նա «Հետքը» երբևէ փակելու իր մտադրությունից կհրաժարվի»։
Կարդացեք «Առավոտ» օրաթերթում։