Թվով 24 երթուղիների մրցույթի համար դեռևս հայտեր չեն ներկայացվել

Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Համաձայն ծրագրի, բարեկարգվել է 68387 քմ հարթ և 48550 քմ թեք տանիք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում էլ բարեկարգվել է շուրջ 1190 շքամուտք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերել համալիր մոտեցում. «2014 թվականի ծրագրերում մենք, համատիրությունների հետ միասին, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի ոչ միայն բազմաբնակարան շենքերի շքամուտքերը վերանորոգվեն, այլև բոլոր հարկաբաժինները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հավելել է, որ գալիք տարի ևս բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման հարցում քաղաքապետարանը շարունակելու է աջակցել համատիրություններին:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում ապահովվել է ավելի քան 953 մլն դրամի տնտեսում, իսկ Երևանի քաղաքապետարանի, այդ թվում նաև վարչական շրջանների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում՝ 1 մլրդ 19 մլն դրամի տնտեսում: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով տնտեսումների վերաբերյալ պարբերաբար իրազեկել  հանրությանը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում մեկնարկած մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Մինչև տարեվերջ կապամոնտաժվի շուրջ 106 գովազդային վահանակ. «Այս սկզբունքը հետագայում պետք է կիրառվի նաև մայրաքաղաքի մեծ կենտրոնում ու, ընդհանրապես, ողջ քաղաքում, որպեսզի մենք հետզհետե ազատվենք Երևանի ճարտարապետական տեսքը խաթարող գովազդային այդ վահանակներից»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցի համաձայն են ընթանում նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման, ասֆալտապատման ու շինբարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտին հասցնել նաև 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: Հանձնարարվել է ավարտել նաև Նոր Խարբերդ թաղամասում լայն թափով ընթացող էլեկտրամատակարարման, գազիֆիկացման և ջրամատակարարման աշխատանքները. «Այս ծրագրով մենք իրականում լուծում ենք տալիս ավելի քան 40 տարի բնակիչների առջև ծառացած խնդիրներին: Գործընթացը կազմակերպեք այնպես, որ Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներն Ամանորը դիմավորեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է. «Պետք է պարբերաբար հանրությանը ներկայացվեն ապամոնտաժման աշխատանքներն ու նաև այդ կերպ քաղաքացիներին իրազեկվի, որ ցանկացած ապօրինի շինարարություն կամ կառույց, որ նախաձեռնվում է բնակիչների կամ իրավաբանական անձանց կողմից, հաստատ ապամոնտաժվելու է, և օրինախախտը սահմանված կարգով ենթարկվելու է վարչական պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում է նաև նկարազարդման գործընթացը: Զեկուցվել է, որ տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հանձնարարվել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը: 2012թ.-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար իրազեկել հոկտեմբերի 17-ին նախատեսվող թվով 24 երթուղիների մրցույթի կազմակերպման մասին:

Զեկուցվել է նաև, որ հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կոնֆերանսին մասնակցության հրավերներ ուղարկել նաև Երևանի ավագանու խմբակցություններին: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Թամարա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ խմբակցությունն անպայման կմասնակցի կոնֆերանսի աշխատանքներին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ աշնանային ծառատունկն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը: Ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ: Քաղաքապետն աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս