ԿԲ-ն մեկնարկոմ է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը
Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:
Ծրագրի նպատակն է՝ բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը: Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը և անձնական ֆինանսների «ճիշտ» և գիտակից կառավարումը կարևոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման գործընթացում: Ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար, որտեղ մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից: Անձնական եկամուտների «ճիշտ» կառավարումը, հատկապես կարևորվում է սեզոնային աշխատանքներում ընդգրկվածների համար:
«Իմ Ֆինանսների միամսյակ»-ին մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW – Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները: Առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները կկազմակերպեն բաց դռների տեղեկատվական օրեր, կներկայացնեն հատուկ ծառայություններ և կիրականացնեն մի շարք այլ միջոցառումներ:
«Իմ ֆինանսների միամսյակի» ընթացքում Երևանում և մարզերում կիրականացվեն մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ միանալով Խնայողությունների միջազգային օրվան:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն