
«Ժառանգությունը» Սյունիքի ընտություններին գնահատական կտա փաստերն ուսումնասիրելուց հետո

Երեկ Սյունիք 38 ընտրատարածքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթեց ՀՀԿ թեկնածուն: 168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետարքրքվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի կուսակցությունը իրենց թեկնածուի պարտության հարցում և արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել արդյունքները: Ի պատասխան Ռուբեն Հակոբյանն ասաց. «Երեկ ես նույնպես եղել եմ այդ ընտրատարածքում: Պետք է ասեմ, որ ընտրությունները խաղաղ են ընթացել: Հասկանալի է, որ այն, ինչ կատարվել է, կատարվել է ընտրություններից առաջ՝ ընտրության օրից առաջ: Այն ձևաչափը, որով ընթանում էին ընտրությունները, ենթադրում էր, որ լարվածություն չի լինի, ընտրությունը կանցնի հանգիստ պայմաններում:
Ինչ վերաբերում է կեղծումներին, կաշառք բաժանելուն կամ լուրերին, թե ոչխարի միս են բաժանել, որպես կաշառք, ասեմ, որ այժմ մեր շտաբն ուսումնասիրում է այդ փաստերը և գնահատական կտրվի ամբողջապես ուսումնասիրելուց հետո: Կբողոքարկվի՞, թե՞ ոչ՝ ասեմ՝ դեռ քննարկվում է այդ հարցը, փաստերը, եթե կան, պետք է ուսումնասիրվեն, ապա համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:
Նա շետեց, որ «ընտրությունները կատարվում են ընտրության օրվանից առաջ», իսկ այդ օրը, նրա համոզմամբ, շատ քիչ բան է որոշվում: «Մենք շրջեցինք մի շարք ընտրատեղամասերով և չնկատեցինք խախտումներ, լարվածություն, որովհետև ամեն ինչ արվում է ընտրության բուն օրվանից առաջ: Բայց բողոքները, փաստերը մանրամասն կուսամնասիրվեն և ըստ այդմ` կորոշենք ինչպես վարվել»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընտրություններին մասնկակցել է Սյունիքի բնակչության հիսուն տոկոսը, Ռուբեն Հակոբյանը նկատեց, թե ավելի լավ է հիսուն տոկոսը մասնակցի, քան լցոնումներ արվեն: «Հիսուն տոկսոը քիչ մասնակցություն չէ, եթե նկատի ունենանք, որ մասնակցել են իրենց կամքով, քաղաքացիական գիտակցությամբ»: