«Նաիրիտի» հանձնաժողովը դրական եզրակացությամբ չի ստեղծվի

Դեռևս այս տարվա հունիսի 5-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը և Արմեն Ռուստամյանը որոշման մի նախագիծ էին ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում էին ստեղծել «Նաիրիտ» ՓԲԸ ընկերության մասնավորեցման, վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող
ժամանակավոր հանձնաժողով:

ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում էր իր կողմից ներկայացված որոշման նախագիծը ճանաչել հրատապ և ներկայացնել ԱԺ քննարկմանը հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ: Ըստ ԱԺ կանոնակարգի` ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունն իրավունք ունի իր կողմից հրատապ ճանաչված նախագիծը ներկայացնել արտահերթ քննարկման, եթե անգամ այն բացասական եզրակացություն է ստացել կառավարության և խորհրդարանական հանձնաժողովի կողմից:

Բայց երեկ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՅԴ ներկայացրած որոշման նախագծին, և այն մտավ հինգերորդ գումարման ԱԺ-ի չորրորդ նստաշրջանի օրակարգ: Այսինքն՝ եթե ՀՅԴ-ն հնարավորություն ուներ` անգամ բացասական եզրակացությամբ, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման որոշման նախագիծն ԱԺ-ում քննարկել երեքշաբթի օրը, ապա այս տարբերակով այն կարող է խորհրդարանի օրակարգում «քնել» մինչև տարեվերջ ու դրանից էլ ավելի: Առաջին հայացքից՝ թվում է, թե Արծվիկ Մինասյանը հաջողության հասավ, քանի որ կարողացավ ապահովել դրական եզրակացություն, բայց ԱԺ Տնտեսական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն էլ հասավ նրան, որ հարցը կքննարկվի ոչ թե առաջիկա քառօրյայում, այլ հետաձգվեց անորոշ ժամանակով:

Հանրապետական պատգամավորները և կառավարությունը դեմ են նման հանձնաժողովի ստեղծմանը: Վարդան Այվազյանը հանձնաժողովի նիստի ժամանակ մի քանի անգամ ակնարկեց, որ ՀՅԴ-ն նման որոշման նախագիծ ներկայացնելով` քաղաքական հարց է լուծում: Արծվիկ Մինասյանը, ով ՀՅԴ-ի անունից ներկայացնում էր որոշման նախագիծը, կրկնում էր, որ իրենց խնդիրը «Նաիրիտի» հետ կատարվածը բացահայտելն է:
Երբ խոսք է գնում «Նաիրիտի» հարցը քաղաքականացնելու մասին, բոլորը միաժամանակ և համերաշխորեն հիշում են վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում եղբայրը մինչև վերջերս այս ընկերության ղեկավարներից մեկն էր: Բացի այդ, «Նաիրիտը» դադարեց գործել Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք` 2010թ., գործարանի բազմամիլիարդանոց պարտքերը ևս կուտակվել են Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք:
Կառավարությունը ևս դեմ է «Նաիրիտի» հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն, բայց քաղաքականի փոխարեն` տնտեսական հիմնավորմամբ:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը խնդրում էր հարցի քննարկումը հետաձգել մինչև տարեվերջ, քանի որ «Ռոսնեֆտ» ընկերությունը գործարանում միջազգային աուդիտ է իրականացնում ներդրումային ծրագիր իրականացնելու համար, և մտահոգություն էր հայտնում, որ, եթե Հայաստանի խորհրդարանում սկսվեն «Նաիրիտի» հարցով ուսումնասիրություններ, մամուլում հայտնվեն չճշտված տեղեկություններ, գրվի այնտեղ իրականացված «թալանի, չարաշահումների» մասին, դա կարող է խրտնեցնել օտարերկրյա ներդրողին:

Ո՞վ կցանկանա գնել թալանված ու կողոպտված ապրանք, այս դեպքում` մի հսկայական գործարան: Նա խորհուրդ էր տալիս սպասել մինչև հոկտեմբերի վերջ, երբ աուդիտը կավարտի իր ուսումնասիրությունը, որից հետո մինչև տարեվերջ «Ռոսնեֆտը» կներկայացնի իր ներդրումային առաջարկը, որից հետո հանձնաժողովը կարող է ստեղծվել և ուսումնասիրություններ իրականացնել:

Արծվիկ Մինասյանն էլ հակադարձում էր, որ «Նաիրիտը» մշտապես գտնվում է օտարերկրյա ներդրողի փնտրտուքի մեջ. մեկ հնդիկներն են, մեկ բրիտանացիները, հիմա՝ ռուսները, վաղը կարող են չինացիները լինել: Ու այդպես, անընդհատ հղում անելով օտարերկրյա ներդրողին «չխրտնեցնելու» հանգամանքին, կարելի է հետաձգել հարցի քննարկումը: Ըստ Արծվիկ Մինասյանի, անհասկանալի գործարքների և գործարանի կողմից վերցված չհիմնավորված վարկերի պատճառով «Նաիրիտի» միայն դրամային պարտքը կազմում է 88 միլիարդ դրամ, կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ստեղծվել են «Նաիրիտի» կողմից, և դրանց մի մասը կամ չի գործում, կամ անհասկանալի է, թե ինչպիսի գործունեություն է ծավալում: Գործարանի մեքենասարքավորումներն ապամոնտաժվում են և պարտքերի մարման պատրվակով` որպես մետաղի ջարդոն, վաճառվում: Մինասյանը կարծում է, որ այդ ուսումնասիրություններով իրենք ոչ թե կխանգարեն, այլ ընդհակառակը` կօգնեն ներդրողին:

Ըստ էության, ՀՅԴ-ի` նման հանձնաժողով ստեղծելու նպատակը պարզ է. ՀՅԴ-ն, որ վերջին շրջանում լարված հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ուզում է ապացուցել, որ Սարգսյանը հատուկ է կազմակերպել գործարանի գործունեության դադարեցումն ու պարտքերի աճը, որպեսզի գործարանը հասցնի սնանկացման: Այդ դեպքում հնարավոր կլիներ «Նաիրիտի» պարտքը մարելու համար աճուրդի հանել նրա գույքը և մեքենասարքավորումները և դրանք վաճառել` որպես մետաղի ջարդոն: Թե ինչու պետք է Տիգրան Սարգսյանը շահագրգիռ լիներ «Նաիրիտի» սնանկացմամբ և ոչնչացմամբ, գիտեն, թերևս, միայն ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Բայց նրանք առայժմ գերադասում են դրա մասին չբարձրաձայնել` սպասելով հանձնաժողովի ստեղծմանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս