Բաժիններ՝

Նյու Յորքում հանդիպել են Թուրքիայի ու Իրանի նախագահները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 68-րդ նստաշրջանի «դաշտերում» տեղի է ունեցել Թուրքիայի ու Իրանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի ու Հասան Ռոուհանիի հանդիպումը: Հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հանդիպմանը թուրքական կողմից ներկա են գտնվել նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ դա նրանց առաջին հանդիպումն է հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո: Հանդիպման ժամանակ Գյուլը դրական ու կառուցողական է գնահատել վերջին շրջանում Ռոուհանիի արած հայտարարությունները՝ կապված միջազգային հանրության հետ համագործակցության հարցում Իրանի պատրաստակամ լինելու հետ:

Նա ընդգծել է, որ դա օգտակար կլինի թե՛ Իրանի կառավարության, թե՛ Իրանի ժողովրդի համար. «Վերջին շրջանում Արևմուտքի վերաբերյալ Իրանի հայտարարությունները ստացել են ավելի դրական բնույթ, ինչը դրականորեն կանդրադառնա Արևմտյան երկրների ու Իրանի միջև բանակցությունների վրա: Անկարան հուսով է, որ Իրանը չի փոխի Արևմուտքի հետ բանակցելու հարցում իր ներկայիս դիրքորոշումը:

Թուրքիայի ու Իրանի (թուրքական լրատվամիջոցի բնորոշմամբ՝ տարածաշրջանի երկու ամենաազդեցիկ դերակատարների) միջև համագործակցությունը շատ կարևոր է տարածաշրջանի հակամարտությունների ֆոնին, երկու երկրները պետք է մասնավորապես ակտիվացնեն իրենց ջանքերը Սիրիական հակամարտության կարգավորման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս