Հանձնաժողովում դեռ ուսումնասիրում են Տարոն Մարգարյանի գույքն ու եկամուտները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ չի ավարտել քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ ուսումնասիրությունը:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են հանձնաժողովից, հավելելով, որ միայն ուսումնասիրության ավարտին պարզ կդառնա, կա՞ն արդյոք հիմքեր վարույթ հարուցելու համար:
Հիշեցնենք, հուլիսի 26-ին, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր հանձնաժողովին՝ պահանջելով պարզել, թե ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելիս Երևանի քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում, ինչպես նաև` ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքն ու լիազորությունները։
Արդեն շուրջ 2 ամիս, հանձնաժողովն ուսումնասիրում է հիշյալ խնդիրն ու դեռ չի հանգել անգամ նախնական եզրակացության:
Ի դեպ, նշենք, որ Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն, Տարոն Մարգարյանը 2012թ-ին հայտարարագրել է 115 մլն դրամի, 50 հազար ԱՄՆ դոլարի և 50 հազար եվրոյի ունեցվածք: Որպես եկամտի աղբյուր նշված է բացառապես աշխատավարձից գոյացող գումարը, որը տարեկան կազմում է 4 713 600 դրամ: Այլ ունեցվածք և եկամտի աղբյուր Տարոն Մարգարյանն իր հայտարարագրում չի բացահայտել: