Պարույր Հայրիկյանի համեմատությունը. «Վարդան Մամիկոնյանին էլ հրավիրեցին Տիզբոն…»

«Մեր Անկախության օրը եղել և մնում է 1918թ. մայիսի 28-ը, 1991թ. սեպտեմբերի 21-ը շատ ավելի կարևոր օր է, բայց դա ընդամենը ժողովրդի կողմից անկախությանը «այո´» ասելու օրն է»,- այսօր Ազատության հրապարակում` Անկախության օրվա նախօրեին կազմակերպված հավաքին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց որպես «անկախության սիմվոլ» և «ռահվիրա»:

Հայրիկյանը հերթական անգամ նշեց իր տեսակետը, որ անկախության օրվա գաղափարը խեղված է, և ավելի ճիշտ կլիներ սեպտեմբերի 21-ն անվանել ինքնորոշման օր: «Այլևս ռոբերտորոշման, լևոնորոշման, սերժորոշման տեղ չէր մնա, կմնար ազգի որոշման իրավունքը»,- ասաց Հայրիկյանը: Վերջինս կարծում է, թե աշխարհի շատ ազգեր են սիրում միասնություն, սակայն հայերից ավելի ոչ ոք չի սիրում:

«Այո´, երբ մեր ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում, մենք պետք է լինենք միասնական»,- շեշտեց նա: Քանի որ  անկախության և ինքնիշխանության վտանգն այս օրերին շատերը պատկերացնում են Մաքսային միություն մտնելու հեռանկարով, Պարույր Հայրիկյանը, բնականաբար, անդրադարձավ նաև այս գործընթացին:

«Մաքսային միության մասին. գոյություն չունի այդպիսի միավորում, ծրագրում են այդպիսի բան ստեղծել: Բայց տագնապներ կան, որ վաղը բոլորը հրաժարվելու են, որովհետև բռնապետության կամքով ստեղծված միավորումը միշտ լինում է ժամանակավոր, մնալու են միայն Ռուսաստանը և Հայաստանը: Ոչ թե մեզ ներգրավեցին Մաքսային միության մեջ, այլ աշխարհի աչքի առաջ փորձեցին մեզ փչացնել, բայց մեզ չեն կարող փչացնել, կարող են փչացնել մեր ղեկավարությանը»,- ասաց Պարույր Հայրիկյանը` այս ֆոնի վրա կատարելով նաև պատմական համեմատություններ.

«Վարդան Մամիկոնյանին էլ հրավիրեցին Տիզբոն, Տիզբոնում ստիպեցին ուրանալ քրիստոնեությունը, բայց երբ նա վերադարձավ հայրենիք, ասաց` ես բռնության տակ եմ դա արել: Այս է ճշմարտությունը: Անկեղծ ասած` ես էլ էի ակնկալում, որ 21-րդ դարում մեր նախագահը, Հայաստան վերադառնալով, աշխարհով մեկ կազդարարի` «Մոսկվայում ինձ այնպիսի փաստերի առաջ են կանգնեցրել, որ ստիպված եմ եղել այդ բնույթի հայտարարություն անել, բայց ամբողջ աշխարհ, իմացեք, մեզ պատերազմով են սպառնում, դրա համար այդ քայլն եմ արել, մեր կողմնորոշումը Եվրոպան է»:

«Այսօր նշելով սեպտեմբերի 21-ը` հատկապես պիտի ուշադրություն դարձնենք մի բանի վրա` այդ ինքնորոշման իրավունքը, որ մեկ անգամ կիրառել ենք, այս օրերին մեզ պատկանո՞ւմ է, թե՞ բռնազավթված է: Եթե բռնազավթված է, պետք է դա համարենք մեր գերխնդիրը, եթե մեզ է պատկանում, պիտի մենք լուծենք մեր հարցերը…Սիրելի բարեկամներ, անկախություն նշանակում է քո ազգային հավաքականությունը բարձրացնել մեկ այլ հարթություն, դարձնել միջազգային իրավունքի ենթակա: Դու կարող ես լինել անկախ պետություն, բայց լինել սովից կոտորվող ազգ, կարող ես լինել անկախ պետություն և բուռն ծաղկում ապրող ազգ: Դա անկախության հետ կապ չունի: Կունենաս արդար իշխանություն` լավ կապրես»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս