
Առաջարկներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ

2013 թվականի սեպտեմբերի 13-17-ը, Բեռլինում` «Հաղթահարելով փակուղին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԼՂ հակամարտության տարածաշրջանի փորձագետների հերթական հանդիպումը: Հիմնվելով միջազգային մարդասիրական իրավունքի վրա` խումբը մի շարք առաջարկներ է ներկայացրել հակամարտության գոտում անվտանգության ամրապնդման առնչությամբ: Մշակված առաջարկները վերաբերում են անվտանգության խնդիրների այն հարցերին, որոնց շուրջ կողմերին հաջողվել է հասնել կոնսենսուսի: Միաժամանակ, սույն փաստաթուղթը չի հավակնում հակամարտության գոտու անվտանգության խնդիրների ամբողջական դիտարկմանը:
Խումբն առաջարկում է.
- կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ կանխել խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում զոհերի բերող ցանկացած գործողություն;
- մշակել հրադադարի ռեժիմի պահպանման քաղաքացիական հսկողության ակտիվացման միջոցառումներ;
- մշակել քսենոֆոբիայի, ատելության լեզվի եւ բռնության դրսեւորումների բացառման միջոցառումներ;
- նախաձեռնել իրենց տները հարկադրաբար լքած բոլոր անձանց անվտանգ վերադարձի եւ/կամ փոխհատուցման իրավական նորմերի եւ երաշխիքների մշակման ապաքաղաքականացված գործընթաց;
- ուսումնասիրել աշխարհում ապառազմականացված գոտիների փորձը եւ դրա կիրառման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Սույն փաստաթուղթը կազմվել է Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ հաղթահարման ֆակուլտետի Խաղաղաշինության փորձի կենտրոնի (ԱՄՆ) եւ Հակամարտությունների տրանսֆորմացման «Իմեջին» կենտրոնի կազմակերպչական օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրագործվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի եւ Ընկերակցության հարցերի նախարարության աջակցությամբ: