Կառավարությունը «ԱՏ-մետալս»-ին հովանավորելով բացահայտում է իր հակաժողովրդական-հակապետական էությունը
ՀՀ կառավարության և իշխանական մյուս ոլորտների կողմից «ԱՏ-մետալս» ընկերությանը հովանավորելու խնդիրը համեմատաբար ակնհայտ դարձնելու համար, նախ հակիրճ ներկայացնեմ, թե հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար ինչ ընթացակարգ է սահմանված:
Այսպես, հանքավայրի ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունը ճշտում է հանքանյութի քանակը և որակը (ծավալը, դրա մեջ պարունակվող օգտակար տարրերի կոնցենտրացիաները) և ներկայացնում ՀՀ օգտակար հանածոների պաշարների գործակալություն, որը ընդերքաբանական փորձաքննություն իրականացնելուց հետո հաստատում է պաշարները, իհարկե՝ եթե այն համապատասխանում է ընդունված չափանիշներին: Հաստատված պաշարները ներկայացնում են Հանրապետական երկրաբանական ֆոնդ՝ գրանցման համար: Պաշարների հաստատումից ու գրանցումից հետո այդ ընկերությունը դիմում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը այդ իրավունքը ստանալու դեպքում՝ կազմում է նախագիծ (հանքավայրի շահագործման, հանքաքարի վերամշակման գործարանի և պոչամբարի) և ներկայացնում Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքննության, իսկ Բնապահպանության նախարարություն՝ բնապահպանական փորձաքննություն իրականացնելու նպատակով: Ընթացքում կազմակերպվում են նախագծի հասարակական լսումներ: Արդյունքում տրվում է դրական կամ բացասական եզրակացություն: Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության դեպքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տալիս է հանքավայրի շահագործման թույլտվություն, իսկ Կառավարությունը փոխում է հանքավայրի, ինչպես նաև հանքանյութի վերամշակման գործարանի և պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ հողերի նպատակային նշանակությունը: Սա օրենքով սահմանված կարգն է:
Հանքշահագործման թույլտվություն ստանալու ընթացակարգում, ընկերությունները հիմնականում փորձում են շրջանցել սահմանված կարգի առանձին դրույթներ, բայց կա մի դեպք, երբ ընդհանրապես անտեսվում է օրենքը: Օրինակ, Քարասարի և Պրիխրեբտովոյե ոսկու հանքերևակումներում որոնողագնահատողական աշխատանքներ կատարող «ԱՏ-մետալս» ընկերությունը շուրջ 4 ամիս է, ինչ Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան է կառուցում, այն դեպքում, երբ որոնողագնահատողական աշխատանքները դեռևս ավարտված չեն, պաշարները հաստատված ու գրանցված չեն, նախագիծը գոյություն չունի… Սակայն արդեն ավերվել ու ոչնչացվել են Տաշտուն գյուղին պատկան գյուղատնտեսական նշանակության հողերը, աղբակալվել է Տաշտուն լեռնային գետը, վեր են խոյանում ապօրինի շինությունները:
Ստորև կներկայացվի, թե «ԱՏ-մետալս»-ը ինչ ճանապարհով է փորձում ձեռք բերել հանքավայրի շահագործման թույլտվությունը, և՝ ովքեր են նրա երևացող հովանավորները:
Ապօրինությունների շարքը սկսվում է նրանից, որ 2012 թվականին «ԱՏ-մետալս»-ը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում հասարակական լսում է կազմակերպել, որի արձանագրության մեջ գրված է. «Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հասարակական լսում՝ նվիրված «Ատ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված Քարասարի Պրիխրեբտովոյե (Մեղրասար) նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ… Որոշեցին՝ հավանություն տալ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի պատվերով կատարված «Մեղրասարի» բացհանքի շահագործման և ֆաբրիկայի նախագծերին»:
Հակառակ արձանագրության մեջ գրվածի, վստահորեն կարելի է ասել, որ այդ օրը նախագիծ չի քննարկվել, հավանաբար միայն բանավոր հավաստումներ են եղել կամ ինչ որ նյութեր ներկայացրել են որպես նախագիծ, քանի որ առ այսօր «ԱՏ-մետալս» ընկերությունը համապատասխան մարմիններին նախագիծ չի ներկայացրել: Ընկերությունը կկարողանա նախագիծ կազմել միայն այն բանից հետո, երբ քննարկվող հանքերևակման պաշարները կհաստատվեն ու կգրանցվեն և այն հանքավայրի կարգավիճակ կստանա: Հետևաբար, 2012թ. դեկտեմբերի 14-ին Տաշտուն գյուղում կազմակերպված լսումը սովորական կեղծիք է, իսկ դրա արձանագրությունը՝ առոչինչ:
Այս լսում կոչված կեղծիքից 4 ամիս անց, «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովը» (հետայսու՝ Հանձնաժողով) դրական եզրակացություն է տվել Տաշտուն գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերից 2,155 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելուն՝ հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար (Եզրակացություն թիվ 34, 29.04.2013թ.):
Սա բացահայտ օրինախախտում է: Հանձնաժողովը դրական եզրակացությունը տվել է այն ժամանակ, երբ Քարասար և Պրիխրեբտովոյե հանքերևակումները դեռևս հանքավայրի կարգավիճակ չեն ունեցել և պարզ չէ, թե դրանք հետագայում կդառնան շահագործելի հանքավայր, թե ոչ: Հանձնաժողովի անդամները կարծես չգիտեն, որ հանքաքարի մշակման գործարանի կառուցման համար հողերի կարգավիճակի փոփոխումը կատարվում է հանքավայրի շահագործման թույլտվությունից հետո, այլ ոչ թե հանքերևակման ուսումնասիրության փուլում: Նաև՝ հավանաբար այս Հանձնաժողովի անդամները չեն էլ պատկերացնում, թե Տաշտուն գյուղի տարածքում՝ Մեղրու բնակավայրերի «տանիքում», հանքաքարի վերամշակման գործարանի, այսինքն՝ պոչանք արտադրող գործարանի կառուցումը ինչ կործանարար հետևանքներ կունենա այդ տարածաշրջանի համար:Առավել մտահոգիչ է, որ այդ եզրակացության տակ ստորագրողներից են՝ պետական կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը և այլոք: Իսկ նույն Հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանն էլ, ով նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալն է, հողերի կատեգորիայի փոփոխման դրական եզրակացության տակ ստորագրելով այն ուղարկել է Սյունիքի մարզպետին. «Խնդրում եմ Ձեզ այն սահմանված կարգով փոխանցել Տաշտունի համայնքի ղեկավարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկություն՝ համայնքի ավագանու «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշումը հաստատվելու և իրավունքի պետական գրանցում ստանալու դեպքում» (07.05.2013թ., թիվ 03/16/2346-13):
Այս հիմնազուրկ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո է միայն հասկանալի դառնում, թե Տաշտունի գյուղապետը, ապօրինի շինարարության վայրում (29.06.2013 թ.), ինչու էր համարձակորեն հայտարարում, թե իր մոտ իբր կան Տաշտունի վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելը հիմնավորող փաստաթղթեր, սակայն ինքը դրանք ցույց կտա միայն այն դեպքում, եթե ունենա տարածքային կառավարման նախարարի կարգադրությունը (հետագայում պարզ դարձավ, որ նա այդպիսի փաստաթղթեր չի ունեցել):
Հավանաբար Տաշտուն գյուղում տեղի ունեցած լսումի ապօրինի որոշումը և «ՀՀ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» հակաիրավական դրական եզրակացությունն են հիմք հանդիսացել Կառավարության թիվ 514-Ա որոշման (23.05.2013թ.) համար:
Այս որոշման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության սահմանված կարգով ընտրված «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների՝ համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մայիսի 30-ը»: Որոշման հավելվածում նշված ապրանքներն են՝ հոսքագծի փոխարկիչ, ժապավենային փոխարկիչ, պոմպ, էլեկտրալիզոր, ղեկավարման վահանակ, վառարան, տիտանից խառնիչ, կոմպրեսորային գեներատոր, այտային ջարդիչ, աղաց և այլն:
Որոշումից չի հասկացվում, թե հարկային արտոնությամբ ներմուծվող ապրանքները որ ոլորտում ու օբյեկտներում են օգտագործվելու: Այս հարցը հասկանալի է դարձնում «105 աշխատատեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով. գործադիրը աջակցում է ներդրումային ծրագրին» հոդվածը («Հայաստանի Հանրապետություն», 24.05.2013թ.): Այդտեղ գրված է. «Ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, «ԱՏ-մետալս»-ը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասար հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում՝ ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս, որի համար նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար… Ընկերությունը նախատեսում է հետագայում վերամշակման արդյունքում առաջացած պոչերը կիրառել շինարարության, ապակու ձուլման և այլ բնագավառներում: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թ. թողարկել շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք՝ հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2,2 մլրդ դրամի»:
Էկոնոմիկայի նախարարի խոսքը շատ հարցեր է հանգուցալուծում: Միայն նրա ասածից է հասկացվում, որ ՀՀ կառավարության տված հարկային արտոնությունը վերաբերում է «Մեղրասարին», իմա՝ «Պրիխրեբտովոյե» և «Քարասար» հանքերևակումներին: Զարմանք է հարուցում, որ էկոնոմիկայի նախարարը հանքերևակումը ներկայացնում է որպես հանքավայր, ինչը անթույլատրելի է այդքան բարձր պաշտոն զբաղեցնողի համար: Փաստորեն, հասարակությանը կեղծ տեղեկություն է մատուցվում:
Հայտնի է, որ «ԱՏ-մետալս»-ը Քարասարի և Պրիխրեբտովոյե հանքերևակումներում որոնողագնահատողական աշխատանքներ կատարելու թույլտվություն է ստացել (2007-2012թթ.), որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թվականը: 2013-2014թթ. աշխատանքային ծրագրում ասվում է. «Սույն ծրագրի կազմման նպատակն է գնահատել Մեղրու հանքային շրջանի Քարասարի և Պրիխրեբտովոյե ոսկու երևակումները, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման և հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման և ամփոփման համար: Աշխատանքների իրականացման համար նախատեսվում է ամփոփել տեղամասի վերաբերյալ բոլոր ֆոնդային նյութերը, ինչպես նաև … ընկերության կողմից 2007-2012թթ. ընթացքում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալները»:
Ինչպես տեսնում ենք, ընկերության կողմից 2013 թ. ներկայացված փաստաթղթում գրված է, որ նոր պիտի գնահատվեն այդ երևակումները և պարզվեն դրանց հնարավոր արդյունաբերական նշանակությունը, երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվեն, ֆոնդային նյութերն ամփոփվեն: Նույնիսկ ամփոփված չեն 2007-2012թթ. կատարած աշխատանքները: Այսինքն, դեռևս հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու: Եվ այդ վիճակում դրանք հանքավայր ներկայացնելը կամ անտեղյակություն է, կամ՝ խաբեություն:
Ինչ վերաբերում է առաջացած պոչանքը շինարարության կամ ապակու արտադրության մեջ օգտագործելուն, ապա նախ պետք է ապացուցվի, որ դա թույլատրելի է՝ վտանգավոր չէ, այսինքն՝ պոչանքի մեջ գտնվող վտանգավոր նյութերը չեն գերազանցում սահմանային թույլատրելի քանակները: Եթե պոչանքը շինարարության մեջ այդքան հեշտ օգտագործելի լիներ, ապա այսօր հարյուրավոր ավազահանքեր չէին շահագործվի, քանզի ՀՀ տարածքում հարյուրավոր միլիոն տոննաների հասնող պոչանք կա: Մետաղական նոր հանքավայրի գովազդ անողը նախ,պետք է տեղյակ լինի թե պոչամբարները (ռեկուլտիվացված և շահագործվող) ինչ վիճակում են և ինչ ծավալների վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության հողին, ջրին, օդին, բուսական ու կենդանական աշխարհին:
Պոչանքից ջրային համակարգին հասցրած վնասի առումով, շատ հակիրճ դիտարկենք նույն տարածաշրջանի Ողջի գետը: Այս գետի և նրա Դարազամ, Փխրուտ, Գեղի, Գեղանուշ, Արծվանիկ վտակների հուներում, իսկ Նորաշենիկի ափում՝ պոչամբարներ են տեղադրված: Արդեն փակված, ռեկուլտիվացված Դարամազի պոչամբարի վրա տասնամյակներ շարունակ բանջարաբոստանային կուլտուրաներ ու մրգատու ծառեր են աճեցվում՝ փաստորեն պոչամբարը դարձել է սննդամթերք արտադրող ջրովի տարածք, իսկ Փխրուտի և Ողջիի պոչամբարները օգտագործվում են որպես արոտավայր («ռեկուլտիվացված»` մի կերպ հողով ծածկված, բզկտված պոչամբարների վրա արածեցումները, հունձքը, գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը արդեն հասկանալի են դարձնում, թե ՀՀ պաշտոնյաները ինչու են պնդում, որ հանքարդյունաբերությունը երկրագործությանը-գյուղատնտեսությանը և մարդու առողջությանը վտանգ չի սպառնում):
Ողջի գետի հունում տեղադրված պոչամբարի վերին եզրը ծառայում է որպես պատնեշ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տեխնիկական ջուր մատակարարող ջրամբարի համար: Այս տարվա հունիսի 25-ին այդ ջրամբարը վթարվեց: Պոչամբարի տակով՝ Ողջի գետի հոսքը իր մեջ վերցնող բետոնյա խողովակի տարողունակությունը բարեբախտաբար այս անգամ բավարարեց նաև վթարային ջրի համար և պոչամբարը չհեղեղվեց (Միայն անտերության պայմաններում է հնարավոր պոչամբարի մարմինը ծառայեցնել որպես ջրամբարի պատվար, այն էլ մեծ թեքության վրա, փաստորեն պոչամբարին ջուր է մատակարարվում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Նույն անտերությունն է, որ բացարձակորեն անթույլատրելի տեղում կառուցել են Գեղիի պոչամբարը, որը հունիսի 25-ի վթարվեց, սակայն պետական համապատասխան ծառայությունները «չնկատեցին» կատարվածը): Փխրուտի և Ողջիի պոչամբարները ակոսված են տեղումների ջրերի առուներով, խորը առուներ ու փլվածքներ են առաջացել նաև բարբարոսաբար խողովակաշար անցկացնելու հետևանքով: Նույն օրինախախտ վիճակում են նաև շահագործվող Արծվանիկի, Գեղանուշի և Գեղիի պոչամբարները: Դրանց հատակները նույնպես մեկուսացված չեն, շրջապատը ապականված է պոչանքով, իսկ օրինակ,Արծվանիկ գյուղի նախիրը արածում է պոչամբարի ափերում և խմում ծանր մետաղներ պարունակող պոչամբարի ջուրը: Այս պոչամբարի զբաղեցրած տարածքի 700 հեկտարը Արծվանիկ գյուղի հողերն են, որոնք Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին տրվել է նաև բացառիկ հանրային շահի անվան տակ: Ահա թե մասնավորի համար գերշահույթ ապահովելու խնդրում ինչ հակաժողովրդական ձևակերպումներ են արվում ու մնում անպատիժ:
Ողջի լեռնային գետը, որի ավազանում հաշվվում է 842 գետ ու գետակ՝ տարեկան 302 մլն խմ (302 մլրդ լիտր) ջրի հոսքով, իրականում Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում չպետք է տեղ գտնի, քանի որ արդեն դարձել է խմելու և ոռոգման համար ոչ պիտանի՝ մեռյալ գետ: Այս գետը շարունակաբար բազմապիսի բարիք է պարգևել բուսակենդանական աշխարհին, սակայն վերջին տասնամյակներին, պոչանքով աղտոտվելու պատճառով, դարձել է չարիքի աղբյուր՝ շատերը այդ ջրով ոռոգում են կատարում: Լեռնային գետի 302 միլիարդ լիտր ջրի գինը թող որոշի էկոնոմիկայի նախարարությունը և հաշվարկի, թե Հայաստանի Հանրապետությունը միայն այս գետի ջրի հաշվով տարեկան ինչ կորուստներ է կրում… Նաև՝ պոչամբարները լուրջ սպառնալիք են ընդերքի ջրերի աղտոտման-թունավորման առումով:
Եթե չկասեցվեն Մեղրու տարածաշրջանում տրված հանքշահագործման թույլտվությունները, ապա մի քանի տարիների ընթացքում Մեղրի գետը նույնպես կդառնան պոչանքով և հանքարդյունաբերական մյուս թափոններով թունավորված, ձկնատեսակները մշտապես կորցրած մի կոյուղի, այսինքն՝ կարժանանա Ողջի գետի ճակատագրին: Նաև պետք է նկատի ունենալ, որ Ողջի և Մեղրի գետերը հոսում են մեծ թեքություններով և այդ գետերում վարարումները հաճախ են լինում, օրինակ 1965 թ. վարարման ժամանակ Ողջի գետի ջրի ծախսը վայրկյանում կազմել է 322 խմ, երբ միջին տարեկանում՝ 9,6 խմ է… Հայտնի է, որ վարարումների ժամանակ գետերը հաճախ «հիշում» են իրենց բուն հուները: Դժվար չէ հաշվարկել, թե ինչ քանակությամբ պոչանք կսփռվի շրջակա միջավայր, եթե Ողջի գետի ավազանում խոշորածավալ վարարումներ լինեն:
Այստեղ ցանկանում եմ հարց տալ լեռնաշղթայի հենց կատարում, ջրագոյացման ու ջրամատակարարման համակարգերում բազմամետաղային նոր հանքավայրի շահագործումը և Տաշտունի տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը գովազդող Էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պետական ծրագրում արդյո՞ք կա թեկուզ մի գետ, որի ջրերը անաղարտ են մնալու և չպիտի թունավորվեն պոչանքներով: Ասեմ՝ ծանոթ լինելով մետաղական հանքերի շահագործման և հանքերևակումների ուսումնասիրությունների թույլտվությունների ցանկին, Հայաստանի Հանրապետությունում ես այդպիսի գետ չեմ տեսնում: Այսինքն, մեր երկրին սպառնում է խմելու և ոռոգման ջրերի անօգտագործելի դառնալու իրական վտանգը: Նաև՝ բարձրադիր լեռներում և լեռնաշղթաներում հանքահանում իրականացնելը ակնհայտորեն կնվազեցնի ջրային պաշարները:
Տաշտուն գյուղի տարածքում ապօրինաբար հանքավերամշակման արտադրություն կառուցելու խնդրով՝ ՀՀ ոստիկանություն, դատախազություն, բնապահպանության նախարարություն, վարչապետին և նախագահին են դիմել Մեղրի քաղաքի ավագանին և մի շարք հասարակական կազմակերպություններ:
Բերեմ այդ դիմումներից մեկը: ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին ուղղված՝ Հայաստանի Կանաչների միության դիմումում (15.07.2013թ.) ասվում է. «Այս տարվա հունիսի 28-ին և 29-ին ականատես եղա այն փաստին, որ «ԱՏ-մետալս» ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի վարչական տարածքում հանքավերամշակման արտադրամաս է կառուցում, ընթացքում առաջացած հողային զանգվածը լցնելով Տաշտուն լեռնային գետի հունի անմիջական հարևանությամբ. այդ ժամանակ արդեն հողը լցվում էր նաև Տաշտուն գետը: Շինարարություն իրականացնողները հրաժարվեցին փաստաթղթեր ներկայացնելուց, պատճառաբանելով, թե դրանք գտնվում են «ԱՏ-մետալս» ընկերության Երևանյան գրասենյակում: Հուլիսի 1-ին գնացի նշված գրասենյակ, որի պատասխանատու անձ Հայկ Մեժլումյանն ասաց, որ շինարարության թույլտվության փաստաթղթերը գտնվում են Տաշտուն գյուղում: Այդ նույն օրը՝ հուլիսի 1-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացա, որ ընկերությունը այս հարցին առնչվող որևէ փաստաթուղթ դեռևս չէր ներկայացրել փորձաքննության: Նախարարությունից նույնպիսի պատասխան ստացա նաև այսօր՝ հուլիսի 15-ին: Պարզվում է, որ «ԱՏ մետալս» ընկերությունը ոչ միայն շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն չունի, այլև համապատասխան նախագիծը դեռևս չի ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ փորձաքննություն իրականացնելու համար: Վստահ ենք, որ Ձեր միջամտությամբ կկասեցվի «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող նշված ապօրինի գործունեությունը, իրավախախտները պատասխանատվության կենթարկվեն և «ԱՏ-մետալս» ընկերության միջոցներով ավերված տարածքները կբերվեն նախնական տեսքի»:
Այս դիմումի հետ կապված առայժմ ստացվել է երեք տեղեկացում: ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Դ. Սարգսյանը Սյունիքի մարզի դատախազ Ն. Հակոբյանին գրում է (թիվ 16-358-13, 19.07.2013թ.). «Քննարկման նպատակով ուղարկվում է Հայաստանի Կանաչների միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15.07.2013թ. դիմումը «ԱՏ-մետալս» ընկերության կողմից Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ…»: Իսկ Սյունիքի մարզի ավագ դատախազ Ս. Համբարձումյանը Սյունիքի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Կ. Գաբրիելյանին գրում է (թիվ 16-246-13, 31.07.2013թ.). «Ուղարկում եմ Հայաստանի Կանաչների միության դիմումը՝ «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերության կողմից Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերին կցելու և համատեղ ընթացք տալու»: Երրորդ տեղեկացումը հետևյալն է՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի պետ Հ. Խաչատրյանը՝ Հայաստանի Կանաչների միության նախագահին գրում է. «Ձեր 30.06.2013թ. դիմումին հայտնում ենք, որ ոստիկանության Մեղրիի բաժնում «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի կողմից Տաշտուն համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի շինարարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և 29.07.2013թ. նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին հետագա ընթացքը որոշելու համար»(թիվ 79-3/1-1067, 26.07.2013թ.):
Տաշտունում ապօրինաբար շինարարություն կատարելուհետ կապված՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լ. Գալստյանին գրում է (թիվ 5/12.1/9271, 25.07.2013թ.). «… Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման… Ապօրինի շինարարության դեպքը հայտնաբերվել էր բնապահպան ակտիվիստներից ստացված ահազանգի հետևանքով՝ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով դադարեցվել էր միայն գործարանի կառուցման գործընթացը: Ինչ վերաբերում է նշված աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասին, ապա դրանք հաշվարկվելու են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ընկերությանը կներկայացվի վնասի հատուցման պահանջ: Գործի հանգամանալից քննությունից հետո օրենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի իրավապահ մարմիններին»:
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական գլխավոր տեսուչը նույն անձին՝ Լ. Գալստյանին տեղեկացրել է. «ՀՀ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի տարածքում «ԱՏ-մետալս» ընկերության կողմից առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն ինքնակամ, իրականացվում են բետոնապատման և հողային աշխատանքներ: Մեր կողմից 2013թ. հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկված թիվ 25/25.2/4345-13 գրությամբ առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ»:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Առաքելյանը Մեղրիի ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահին գրում է (թիվ 79-8/2-1238, 23.08.2013 թ.). «Հայտնում եմ Ձեզ, որ Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերության կողմից ապօրինի հողօգտագործման և ինքնակամ շինարարության դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր, 01.08.2013 թ. ոստիկանության Մեղրիի բաժնին տրվել է հանձնարարություն՝ շինարարությունն անհապաղ դադարեցնելու համար, որից հետո կրկին հանձնարարություն է տրվել ամենօրյա հսկողություն իրականացնելու՝ շինարարության հնարավոր վերսկսումն անհապաղ հայտնաբերելու և կանխելու»:
Այն, որ ապօրինությունների դեմ պայքարողների դիմումներին՝ պետական տարբեր մարմինների պատասխաններում հավաստվում է, որ ստուգել ու հաստատել են ապօրինի հողօգտագործման ու ինքնակամ շինարարության փաստը, որ շինարարությունը իրականացվում է առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, դադարեցրել են շինարարական աշխատանքները, ընկերությանը շրջակա միջավայրին հասցրած վնասի հատուցման պահանջ են ներկայացնելու ու նրա դեմ դատական հայց են նախապատրաստում, խնդրի արդար լուծման՝ տարածքները նախնական տեսքի բերելու, մեղավորներին պատժելու հույս էր առաջացել: Նաև վստահություն կար, որ ՀՀ կառավարությունը հաշվի առնելով վերը բերված ապօրինությունների աղաղակող փաստերը առոչինչ կճանաչի «ԱՏ-մետալս»-ին հարկային արտոնություն տվող իր թիվ 514-Ա որոշումը:
Սակայն պարզվեց, որ ՀՀ կառավարությունը անհողդողդ է իր ապօրինի որոշումը պաշտպանելու և իր իսկ ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների կարծիքն անտեսելու գործում: Օգոստոսի 15-ի թիվ 864-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը վերահաստատել է ամիսներ առաջ «ԱՏ-մետալս»-ին հարկային արտոնություն տվող իր 514-Աորոշումը: Այս անգամ էլ այդ ընկերությանը թույատրել է արտոնյալ պայմաններում ՀՀ ներմուծել ամբարձիչ, թրթուրավոր բուլդոզեր, թրթուրավոր էքսկավատոր, կշեռքներ…(Այսպիսի արտոնություն ստանում են նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուս ընկերությունները, իսկ նրանց ներմուծածն է՝ երկրաբանական կառուցվածքները՝ կյանքի հենարանը քանդող, ջարդող, մանրացնող, աղացող, փոշի դարձնող տեխնիկա և հանքանյութի վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ ու նյութեր):
Ահա ՀՀ կառավարության իրական դեմքը. արհամարհանք ժողովրդի ու պետության նկատմամբ, սակայն հետևողականություն՝ ժողովրդի ունեցվածքը փոշիացնելու և Հայաստանի Հանրապետության տարածքը կայուն թույներով վարակելու գործում:
Չնայած սկզբնական շրջանում հուսադրող պատասխանների, քննարկվող խնդրում օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորեց նաև դատաիրավական համակարգը:
«ԱՏ-մետալս»-ի գործողությունների դեմ հասարակական կազմակերպությունների բողոքներին պատասխանել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժինը (27.08.2013թ., No 79-8/2-1246): Ավագ քննիչ Ա.Առաքելյանի ստորագրությամբ պատասխանում գրված է. «… Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով պարզվել է, որ «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերությունը հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է, որն իրականացնում է ներդրումային ծրագիր… 2013թ. ընթացքում ընկերության կողմից կատարվել է 3,5 միլիոն ԱՄՆ դոլլարի չափով ներդրում…
Դեռևս 2012թ. նոյեմբերի 29-ին «ԱՏ-մետալս» ՍՊ ընկերությունը դիմել է Տաշտունի համայնքի ղեկավար Հ. Գաբրիելյանին՝ ընկերության կողմից բազմամետաղների վերամշակման փորձարարական գործարան կառուցելու նպատակով տարածք հատկացնելու համար: Դրանից հետո համայնքի բնակչության շրջանում կատարվել են լսումներ և գործարան կառուցելու համար նախատեսվել է տրամադրել 2,155 հա հողատարածք, որի նպատակային նշանակությունը «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2013թ. ապրիլի 23-ի դրական եզրակացության հիման վրա փոխվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի…Մինչև «ԱՏ-մետալս» ընկերության կողմից բազմամետաղների վերամշակման փորձարարական գործարան կառուցելու համար օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և թույլտվության ստացումը՝ ընկերության ղեկավարությունը 2013թ. ապրիլի 30-ին դիմել է Տաշտունի համայնքի ղեկավարին՝ խնդրելով թույլատրել նշված հողամասի վրա կատարել նախապատրաստական աշխատանքներ գործարանի կառուցման համար՝ մինչև օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալը, որից հետո ընկերությունը… սկսել է ինքնակամ շինարարություն իրականացնել: Համայնքի ղեկավար Հ. Գաբրիելյանը… ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել: Այսինքն՝ Հ. Գաբրիելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործություն…2013թ. օգոստոսի 26-ին Տաշտուն համայնքը նշված հողամասը օտարելու համար իրականացրել է աճուրդ վաճառք, որի արդյունքում հողամասը ձեռք բերելու համար հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն… Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 74 հոդվածի՝ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Նկատի ունենալով, որ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել Տաշտուն համայնքի … հողամասը և կառուցապատման համար ստացել ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ներկա պահին դադարեցվել է ինքնակամ շինարարությունը, ղեկավարության օրենսգրքի 37 հոդվածի 2-րդ մասով… ՈՐՈՇԵՑԻ՝ 1. Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հ. Գաբրիելյանի կողմից իրավական ակտերով իր վրա դրված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով դիտավորությամբ միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ իրադրության փոփոխման հիմքով նրա կատարած արարքը հանրության համար վտանգավոր լինելուց դադարելու պատճառաբանությամբ»:
Այս պատասխանին համաձայնել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ս. Համբարձումյանը:
Ներկայացնեմ՝ ծայրից-ծայր սարքովի այս փաստաթղթի բովանդակության հետ իմ անհամաձայնություններից մի քանիսը:
1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնիավագ քննիչի ներկայացնմամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ԱՏ-մետալս»-ը օրինապահ ընկերություն է և հենց սկզբից խոսում է ընկերության կողմից կատարված ներդրումների մասին, հավանաբար լավ իմանալով, որ բնակչությունը, պետականորեն իրականացվող միակողմանի քարոզչության հետևանքով, դեռևս տեղյակ չէ և չի գիտակցում, որ ներդրումները, գլխավորապես հանքարդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումները, որը հիմնականում ընդերքը քանդող-ջարդող-աղացող, փոշի դարձնող թանկարժեք տեխնիկա գնելն է, շահեկան են միայն ներդրում կատարողների և այդ ներդրման համար ճանապարհ հարթող պետական պաշտոնյաների համար: Ինչպես տեսանք, թե Կառավարության որոշման մեջ, թե էկոնոմիկայի նախարարի խոսքում «ներդրում» բառի առատություն է: Եվ դա պատահական չէ: Պետական պաշտոնյաների բառապաշարում առանձնահատուկ տեղ զբաղեցնող «ներդրումներ»-ը, կարծում եմ ոչ թե ճաշակի հարց է, այլ միջազգային վարկատու և ազդեցիկ այլ կազմակերպություններին իրենց հավատարմությունը վերահաստատելու միջոց է: Հայտնի է, որ ավելի քան 20 տարի առաջ ՀՀ իշխանավորները համաձայնվեցին տնտեսությունը վարել «Վաշինգտոնյան կոնսենսուսի» շոկային թերապիայի 10 պատվիրաններին համապատասխան, որոնցից մեկը հետևյալն է՝ «Պետք է ընդունվի օտարերկրյա ներդրմանը խթանող քաղաքականություն»: Ներդրումային քաղաքականությանը հավատարիմ մնալն է, որ Հայաստանի Հանրապետությունում բացի հարկային արտոնություններ ունեցող և մեր երկիրը աստիճանաբար անապատ դարձնող հանքարդյունաբերությունից, մնացած ոլորտներում կյանքը համարյա սառած է: Այնպիսի մի փակ շղթա է ստեղծված, որ նույնիսկ ստորացուցիչ աշխատավարձի և առողջության սպառնացող վտանգի պարագայում հանքարդյունաբերության մեջ աշխատելը դարձել է ցանկալի, քանզի հակառակ պարագայում, սպասվում է գործազրկություն ու սով: Տեղին է հիշել նախկին նախագահ, իսկ այժմ հանքատիրոջ-միլիարդատիրոջ և հաջողակ որսորդի համբավ ունեցող Ռոբերտ Քոչարյանի սպառնալի խոսքը. «ներդրումներին խոչընդոտողները կպատժվեն»…
2. Ավագ քննիչը և Որոշմանը համաձայնող դատախազության պաշտոնյան մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, ասելով, թե դեռևս 2012թ. ընկերությունը գործարան կառուցելու համար տարածք ստանալու նպատակով դիմել է Տաշտունի համայնքի ղեկավարին, ինչով փորձէ արվում տպավորություն ստեղծել, որ «ԱՏ-մետալս»-ի կողմից կատարված ապօրինի հողօգտագործումն ու շինարարությունը իբր օրինական են: Կարելի է երթադրել, որ նրանք կամ պատկերացում չունեն տվյալ բնագավառին վերաբերող օրենքների մասին կամ պատվեր են կատարում, քանի որ ըստ գոյություն ունեցող ընթացակարգի՝ ընկերությունը նախ պետք է կազմեր գործարանի կառուցման նախագիծը, համապատասխան գերատեսչություններից դրական եզրակացություն ստանար, որից հետո միայն հողամասի հարցով դիմեր համայնքապետին: Մեկ անգամ ևս ստիպված եմ կրկնել, որ առ այսօր այդ գործարանի կառուցման նախագիծը դեռևս գոյություն չունի:
3. Ինչ վերաբերում է համայնքի բնակչության շրջանում տեղի ունեցած լսումներին և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացությանը,ապա արդեն ասվել է, որ երկուսն էլ ապօրինի են, քանի որ դրանց իրականացման ժամանակ բացակայել է հիմնական փաստաթուղթը՝ նախագիծը, որը պետք է դառնար թե լսումի քննարկման առարկան, թե հողի նշանակությունը փոխելու հիմնավորումը:
4. «ԱՏ-մետալս»-ը ապoրինաբար գործարան է կառուցում, սակայն իրավապահ մարմինները չեն ցանկանում այդ ընկերության դեմ քրեական գործ հարուցել: Խնդիրը մեղմելու նպատակով Որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը մինչ այդ դիմել է համայնքի ղեկավարին և ապա՝ խնդրելով թույլատրել…Իսկ այդ «թույլատրելն» էլ պետք է հասկացվի՝ ավերել ու ոչնչացնել Տաշտունի հողերը, առայժմ հողով ու շինարարական աղբով, իսկ հետո՝ պոչանքով աղտոտել-թունավորել նաև Տաշտուն լեռնային գետը: Եթե ընկերությունն, ինչ-ինչ պատճառներով, չի ցանկանում հարգել օրենքը և գործում է ըստ իր ցանկության, ապա իրավապահ մարմինները պարտավոր են իմանալ, որ Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու հարցը պետք է լուծվի 10-12 գերատեսչությունների համաձայնությամբ, այլ որ թե համայնքապետին դիմելով ու խնդրելով:
5. Այն պնդումը, որ Տաշտունի համայնքապետը, կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, քանի որ ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել, կարելի է ասել, որ սա ուղղակի զավեշտ է: Հենց Որոշումից հասկացվում է, որ ընկերությունը և համայնքի ղեկավարը փոխհամաձայնությամբ են այդ ապօրինի գործը կատարել: Հասարակական կազմակերպությունները դիմել են իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքի իշխանությունը հաստատվի և մեղավորները պատժվեն, իսկ Որոշման մեջ առաջարկվում է փոքր հանցանք կատարողը պատժի ՀՀ կառավարության կողմից ակնհայտորեն հովանավորվող մեծ հանցանք կատարողին՝ «ԱՏ-մետալս»-ին, այն էլ այն դեպքում, երբ նրանք արդեն բարեկամ-գործընկերներ են և հողատարածքը կառուցապատման տակ դնելիս նրանց միջև հակասություն, վեճ, բռնություն ցույց տվող որևէ փաստ գոյություն չունի: Հակառակը, համայնքի ղեկավարը այս տարվա հունիսի 29-ին, ապօրինի շինարարության վայրում, ակտիվորեն պաշտպանում էր ընկերությանը:
6. Ինչ վերաբերում է հողամասի աճուրդ-վաճառքին, ապա այն կատարվել է փակ դռների ետևում, երբ հայտարարության մեջ նշված չէր, որ այն փակ է լինելու («Հայաստանի Հանրապետություն», 27.07.2013թ.): Այդ աճուրդ կոչվածին մասնակցել են երեք հոգի, որոնցից մեկը՝ Տաշտունի համայնքապետը: Որոշման մեջ գրված է, որ հողամասը ձեռք բերելու համար հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է «ԱՏ-մետալսը»: Սրանից կարելի է եզրակացնել, որ աճուրդին՝ որպես գնորդ մասնակցել են երկու ընկերություններ («ԱՏ-մետալս»-ը և հանքարդյունաբերությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն), քանի որ ըստ հայտարարության՝ հողամասը ծառայելու է արդյունաբերական օբյեկտի՝ ֆաբրիկայի կառուցման համար: Եթե վստահենք գրվածին, ապա ստացվում է, որ մեկ այլ հանքավայրի տեր նույնպես ցանկացել է Տաշտունի վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցել, այսինքն՝ Տաշտուն գյուղի մոտակայքում շահագործվելու է նաև մեկ ուրիշ հանքավայր: Եվ դա հավանական է, քանի որ 2005 թվականի դեկտեմբերի 7-ին «Հեմատիտ» ընկերությանը տրվել էր Տաշտունի «Ջրկապի տեղամասի» ոսկու հանքերևակման ուսումնասիրության լիցենզիա (Մեղրու տարածաշրջանի բնակիչները պետք է իմանան, որ «Սթորթրանս» ՓԲԸ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2013-2016 թթ. Տաշտունի բազմամետաղային հանքերևակումում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն է ստացել ): Նաև ամենագլխավորը՝ հողատարածքը արդեն ավերված է, շենքերը կառուցվում են, նախագիծը բացակայում է և այս պայմաններում աճուրդ-վաճառք է հայտարարվում: Դժբախտաբար, ավագ քննիչը և դատախազության պաշտոնյան այս աղաղակող ապօրինությունները նույնպես չեն նկատում, հակառակը Որոշման մեջ գրված է. «Նկատի ունենալով, որ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել Տաշտուն համայնքի հողամասը»: Փաստորեն, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, կատարված իրավախախտումը ներկայացվում է, որպես օրենքով սահմանված կարգով կատարված:
7. Որոշում կազմողն ու դրան համաձայնողը խնդիրը հանգուցալուծում են այն կեղծ հիմնավորմամբ, որ արդեն դադարեցվել է ինքնակամ շինարարությունը և առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Փաստաթղթից հասկացվում է, որ մեղքի թողություն ստացած անձն էլ գյուղապետն է և վերջ, այլ մեղավոր չկա: Որոշման մեջ, փաստերը շրջանցելով, չի ասում, որ օրինակ, հուլիսին բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից դադարեցվել է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքները, իսկ օգոստոսի 1-ին շինարարությունն անհապաղ դադարեցնելու հանձնարարություն է տրվել նաև ոստիկանության Մեղրիի բաժնին, սակայն «ԱՏ-մետալս»-ը շարունակել է ապօրինի շինարարությունը և այն դադարեցրել է միայն օգոստոսի 24-ին: Նաև՝ հիմնազուրկ է այն պնդումը, թե իբր կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Ակնառու է, որ Տաշտունի տարածքում կառուցվող հանքաքարի վերամշակման գործարանի հավանական շահագործումը՝ կդառնա մեծ սպառնալիք ներքևի նիշերում գտնվող խմելու ջրի աղբյուրներին, պոչանքով կաղտոտի-կթունավորինաև Մեղրի գետը և դրա հովիտը կկորցնի իր գյուղատնտեսական նշանակությունը: Այստեղ չեմ խոսի մարդկանց առողջությանը սպառնացող վտանգների մասին, քանզի դա բոլորին է հայտնի: Ակնհայտ է, որ Տաշտունի տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը Մեղրու տարածաշրջանի դեմ կատարվելիք հանցագործության սկզբնամասն է, որի իրական՝ մարդակուլ կերպարանքը տեսանելի կդառնա նշված օբյեկտների շահագործելուց միայն տարիներ անց, եթե իհարկե, ոսկի և մյուս մետաղներ կորզելու մոլուցքով տառապողների, հայ ժողովրդի հարստությունները կողոպտողների ցանկությունները չզսպվեն:
Սյունիքի մարզի քննչական բաժնի կազմած փաստաթղթում, անտեսելով առկա փաստերը, ամեն կարգի ջանք թափելով փորձել են «ԱՏ-մետալս»-ին անմեղ ներկայացնել: Իսկ «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը» կարդալիս դժվարանում ես հավատալ, որ դրա գրողը և գրածի հետ համաձայնողը իրավաբանության ոլորտում են աշխատում: Մնում է ենթադրել, որ որոշումը ճնշման տակ է ձևակերպվել, իսկ ճնշումն էլ կատարվել է մի մարդու կողմից կամ նրա անունից, ով վստահ է, որ ինքը ավելի բարձր է քան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, իսկ պաշտոնաթող լինելուց հետո էլ իրեն կպաշտպանի արդեն սեփական թիկնազորը:
Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ պետական պաշտոնյաներին Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես Մեղրու տարածաշրջանը հետաքրքրում է միայն ընդերքում եղած մետաղների առումով, այն էլ ոչ թե պետական կարիքների, այլ առանձին ընտանիքներին հարստացնելու համար: Դժվար է հավատալ, որ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ այդ տարածաշրջանում մետաղական հանքերի համատարած շահագործման հետևանքով, ինչպես դա երևում է տրված արտոնագրերի ցանկից, այդտեղ վերանալու է երկրագործությունը և այն դառնալու է անմարդաբնակ:
Հայաստանի Հանրապետությանը եթե նայենք հանքարդյունաբերության տեսանկյունից, ապա հեշտությամբ կհամոզվենք, որ նա նման է շաքարի մի կտորի, որի վրա հավաքվել-հարձակվել է տեղական և այլևայլ երկրներից եկած անկուշտ ճանճերի մի գարշելի բազմություն, որը նաև կենդանի աշխարհը թունավորող նյութ է արտադրում: Մեր երկրի նկատմամբ հանքարդյունաբերությամբ զբաղվողների բուռն ակտիվությունը պատահական չէ: Իմ ընկալմամբ, դժվար թե գտնվի մեկ այլ երկիր, որտեղ հանքշահագործողները գերշահույթ ստանալու ավելի մեծ հնարավորություններ ունենան, քան մեր երկիրն է: Հայաստանի Հանրապետությունում գերշահույթ ստանալու գլխավոր գրավականը՝ հարկային արտոնություններն են: Վերը արդեն ասվել է այդ արտոնություններից մեկի մասին: Բերեմ հանքշահագործողներին պարգևած արտոնություններից ևս մի քանիսը:
Երկրորդ արտոնությունն այն է, որ հանքշահագործողները (ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում շահագործվում մոտ 500 հանքավայր, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական) ՀՀ տնտեսությանը՝ հողին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին, պատմամշակութային օբյեկտներին հասցվելիք վնասը հաշվարկում են, սակայն պետական գանձարան ոչինչ չեն մուծում (ինձ հայտնի չէ, թե դա որ օրենքով է սահմանված): Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը պատկանում է հանքշահագործողներին, երբ Սահմանադրությամբ այն ժողովրդի-պետության սեփականությունն է:
Երրորդ արտոնություն՝ հանքշահագործողներն արտոնված են հանքարդյունաբերության հետևանքով առաջացած՝ մակաշերտը, լեռնային զանգվածը, «դատարկ» ապարները և պոչանքը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու դիմաց հարկեր չվճարել (տես՝ Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին օրենքը): Որպեսզի խուսափեն պետական հարկեր վճարելուց, օրենքներում լեռնային զանգվածը և «դատարկ» ապարները քողարկել են «լցակույտեր» անվան տակ, իսկ պոչամբարները (պոչանքը) օրենքներում չեն երևացել մինչ 2011 թվականը, երբ համարձակվեցին նոր օրենքում պոչամբարներն անվանել «տեխնածին հանքավայրեր» և անվճար «նվիրել» Հայաստանի Հանրապետությանը, լավ իմանալով, որ պոչամբարների պահպանումը՝ շրջակա միջավայրից մեկուսացված պահելը հազարամյակներ շարունակ ծախսեր է պահանջելու: Հանքարդյունաբերության թափոնների (մակաշերտ, լեռնային զանգված, «դատարկ» ապարներ, պոչանք) հարկման դեպքում, պետական բյուջեն մի քանի անգամ կմեծանա: Հարկեր չվճարելու այսօրվա պայմաներում ստացվում է, որ ՀՀ տարածքը հանքշահագործողների սեփականությունն է:
Չորրորդ արտոնություն՝ հանքարդյունաբերությունից առաջացած գերշահույթը բաժին է հասնում հանքշահագործողներին, երբ ըստ ՀՀ Սահմանադրության՝ ընդերքի հարստությունը ժողովրդի սեփականությունն է, հետևաբար գերշահույթի հիմնական մասը պետք է հասնի ժողովրդին-պետությանը:
Հինգերորդ արտոնություն՝ հանքերևակումների և հանքավայրերի ուսումնասիրության թույլտվությունը տրվում է առանց նախկինում կատարված երկրաբանական ուսումնասիրությունների համար ծախսված գումարների փոխհատուցման: Խորհրդային իշխանության տարիներին հայտնաբերված հանքերևակումների և հանքավայրերի վրա շատ մեծ գումարներ են ծախսվել, օրինակ, Սյունիքի մարզի Շահումյանի ոսկու հանքավայրի ուսումնասիրության վրա ծախսվել է 160 մլն ռուբլի, իսկ ծախսված այդ միջոցները հատկացվել են պետական բյուջեից, այսինքն՝ ժողովրդի ունեցվածքից,հետևաբար երկրաբանական տեղեկատվությունը պետք է դիտարկվի որպես երկրաբանության ոլորտի արտադրանք ևորպես ժողովրդի սեփականություն՝ դառնա վճարովի: Ընկերությունները իրենց կողմից շահագործվող հանքավայրի ուսումնասիրության վրա նախկինում պետության ծախսած գումարը պետք է մուծեն պետական գանձարան: Նախկինում կատարված ծախսերի դիմաց չվճարելն է, որ շատ ընկերություններ հանքերևակումների մի քանի թույլտվություններ են վերցնում, օրինակ Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Արմենիակ», «Հեմատիտ» և «Նիկելի սար» ընկերություններին 2005 թվականին ոսկու 7 հանքերևակումների («Ազատեկի», «Վերին Վարդանիձորի», «Սիփանի», Տաշտունի «Ջրկապի տեղամաս», «Արջիձորի», «Սև գետի», «Բարձրադիրի») ուսումնասիրության լիցենզիա է տրվել: 2005 թվականի դեկտեմբերի 19-ին, հենց նույն օրը Տիգրան Քրմոյանի հիմնադրած «Ինտերիեր» ընկերությանը տրվել է ոսկու 7 հանքերևակումների («Բացատի», «Սառնաղբյուրի», «Ցիցքարի», «Այե Պավլեի», «Զառի», «Արջասարի», «Նորի», բոլորն էլ Կոտայքի մարզում) ուսումնասիրության լիցենզիա:
Կան նաև այլ արտոնություններ, սակայն միայն թվարկվածները և իշխանական համակարգում տիրող կոռուպցիան ու պետության շահերի անտեսումն արդեն բավարար են, որ մոտակա տարիներին Հայաստանի Հանրապետությունը զրկվի իր ընդերքի հարստություններից, իսկ տարածքը դառնա ապրելու համար ոչ պիտանի: Իրականում, պետական պաշտոնյաները փոշի են մաղում հայոց պետականության ու հայ ժողովրդի վրա:
Ստեղծվել է անելանելի իրավիճակ. մի կողմից նոր օրենքներ ընդունելով և օրենքների մեջ փոփոխություններ կատարելով հասել են այն բանին, որ ժողովրդի-պետության բացառիկ սեփականությանը՝ ընդերքի հարստություններին հեշտությամբ տիրանում են առանձին ընտանիքներ և օրը ցերեկով կատարվող այս հանցագործության դեմ պայքարողներն առաջին հերթին հանդիպում են օրենսդրական խոչընդոտների, մյուս կողմից, երբ ցույց են տրվում դեռևս ժողովրդի-պետության շահերը պաշտպանող օրենսդրական դրույթներին հակասող ծրագրեր, այս անգամ էլ խնդիրը հիմնականում լուծվում է ճիշտ այնպես, ինչպես օրինակ, «ԱՏ-մետալս»-ի պարագայում՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնից ստացված հուսահատեցնող, հակաիրավական պատասխանն է:
Ոստիկանության և դատախազության ծառայողները գուցե սթափվեն ու գիտակցեն, որ նաև իրենց գործունեության հետևանքով է, որ Հայաստանի Հանրապետությունը կարճ ժամանակահատվածում դարձավ դրախտ՝ օրենքից վեր կանգնած արտոնյալների, սակայն մղձավանջ՝ հայ մարդու համար, ինչպես նաև հայ մարդկանց զգալի զանգված արդեն լքել է իր երկիրը:
Այս պայմաններում, բարեբախտաբար կա մի հուսադրող լույս, դա այն է, որ հայ մարդկանց մեծամասնությունն արդեն հասկանում է, որ տիրող անարդարությունն ու աշխատատեղեր չստեղծելը արվում է նաև այն նպատակով, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս քիչ հայ մնա: Այս գիտակցումն է, որ իրավունքների ոտնահարման և ապրուստի միջոցների ծանր պայմաններում, նրանց կառչած է պահում իրենց բնօրրանին: Ստեղծված իրավիճակում ծայր աստիճան կարևոր է ժողովրդի ակտիվ վերաբերմունքը իր ապագայի նկատմամբ: Միայն հասարակության ակտիվ միջամտությամբ հնարավոր կլինի կանխել մասնավորապես Մեղրու տարածաշրջանի ամայացումը:
Հակոբ Արբակի Սանասարյան
Հայաստանի Կանաչների միության նախագահ