Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի նոր ղեկավարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Բալվաներան կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին:

Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը»:

Զրուցակիցները դրական և արդյունավետ գնահատելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցության մակարդակից:

Բրունո Բալվաներան նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է նաև ՀՀ կառավարությանը՝ եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ:

«Դա կարևոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում»,- ասել է Բրունո Բալվաներան:

Վերջինս նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և մշակել ու իրականացնել համատեղ նոր ծրագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս