Սեյրան Օհանյանը` Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հիմնական խոչընդոտի մասին
Ժամկետային զինծառայող, Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի իրականացվի: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա դարձյալ հայտարարեց, որ Հակոբ Ինջիգուլյանի մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու հիմնական պատճառը իրոք գիշերային պայմաններում մոլորվելու դեպքն էր.
«Նա անցել է այնտեղ, ինչից հետո մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել նաև հետ վերադարձնելու գործընթացին դրական ընթացք տալու համար: Վերադարձի հիմնական խոչընդոտ է հանդիսաում պետական կապի բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության հետ: Մենք կարող ենք սա օգտագործել միջնորդավորված` միջազգային կազմակերպությունների միջոցով , որոնք էլ իրենց առջև դրված խնդիրները մինչև հիմա իրականացրել են: Մի քիչ դանդաղ ընթացք է եղել այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունում տեղակայված Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամները հնարավորություն չեն ունեցել անմիջապես Հակոբի հետ հանդիպելու: Բայց հանդիպումից հետո բոլոր կապի միջոցները, նամակագրությունը մինչ օրս իրականացվել է: Այսօր էլ պայքարում ենք, որ նա վերադառնա Հայաստան:
Թե ինչպիսի իրավիճակում է նա, քանի որ անմիջական կապ չունենք` չենք կարող ասել, բայց խոսակցության մեջ Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ նա ցանկանում է երրորդ երկիր գնալ: Ես հայտարարել եմ, որ նրա նկատմամբ իրավական հետապնդում երբևիցե չի լինի, որովհետև մոլորվել է, երբևիցե ԶՈՒ գործունեության ըթնացքում ոչ մի մոլորյալ երբևէ չի դատվել: Մենք մինչև այսօր էլ չգիտենք, թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող են լինել ադրբեջանական կողմից»: