Գյուղնախարարի ու ԱԺ նախագահի գործարանը դեղձը մթերել է 50 դրամով

Տավուշի մարզում դեղձի մթերման աշխատանքներն ավարտված են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Նրա փոխանցմամբ՝ միայն 311 տոննա դեղձ մթերել է Այրումի պահածոների գործարանը. 1 կիլոգրամ դեղձի դիմաց այգետերերին վճարվել է 50 դրամ:

Տարբեր գործարարներ մարզից տեղափոխել են 300 տոննա դեղձ, սակայն  այս դեպքում գինը նշել վարչության պետը չկարողացավ. «Ազատ շուկայական հարաբերություններ են եղել, տարբեր մարդիկ տարբեր գնով են գնել»: Եվս 115 տոննա դեղձ էլ մթերել է «Սպայկա» ընկերությունը, 1 կիլոգրամ դեղձի դիմաց ընկերությունը վճարել է 125 դրամ: Մեր այն հարցին, թե արդյոք մթերող ընկերությունները պարտքեր չունե՞ն այգեգործներին, վարչության պետը դրական պատասխան տվեց. «Ոչ, ամեն ինչ նորմալ է ընթացել»: Մինչդեռ Տավուշի մարզի բնակիչները ինչպես ամեն տարի, այս տարի էլ դժգոհ են դեղձի մթերման խայտառակ ցածր գնից. «50 դրամը խայտառակ ցածր գին է… Նույնիսկ մեր ծախսերը չի հանում»,- իրավացիորեն ասում են նրանք:

Հիշեցնենք, որ Այրումի պահածոների գործարանի հիմնական սեփականատերը «Արտֆուդ» ընկերությունն է, որի տերերից մեկն էլ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է: Իսկ «Արտֆուդի» 50 տոկոսի սեփականատերը գյուղատնտեսության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն է՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, մյուս 50 տոկոսի սեփականատերը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է (նրա որդին):

Տեսանյութեր

Լրահոս