Գագիկ Ծառուկյանը կո՞ղմ է Մաքսային միությանը, թե՞ ոչ
168.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե Գ. Ծառուկյանը կո՞ղմ է Մաքսային միությանը անդամագրվելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշմանը: Ի պատասխան Տոնոյանը փոխանցեց, թե դեռ վաղ է խոսել Մաքսային միություն մտնելու մասին, քանի որ առայժմ հնչել է միայն Հայաստանի ցանկության մասին, որը իրականություն դառնալու համար, նրա խոսքով, բավական մեծ ընթացակարգ պետք է անցնի:
«Մեր խորին համոզմամբ, Հայաստանում շատ քիչ մարդ գիտի, ավելին` ոչ մեկն էլ չգիտի` ինչ ասել է Մաքսային միությանը անդամագրվել: Ըստ այդմ` կողմ և դեմ լինելու մասին խոսելը ավելորդ է: Երբ կանցնենք ճանապարհի գոնե մի մասը, երբ գոնե մոտավորապես-ով ուրվագծված կլինեն անդամակցության հետևանքները, հնարավոր կլինի առավել առարկայական գնահատականներ հնչեցնել»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս սեպտեմբերի սկզբին Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «երկիմաստությունը» բացառող գնահատական տվեց, թե Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, կարևորագույն տնտեսական գործընկերը, ռազմավարական դաշնակից.
«Բացի դրանից այնտեղ ապրում էն հազարավոր հայեր և դժվար թե որևէ մեկը ցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Այնպես որ` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պարոն Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է: Իսկ Մաքսային միության առումով դեռևս ժամանակի քննություն է պետք»:
Մենք հետարքրքվեցինք նաև, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ հանդիպե՞լ է կուսակիցներին, քննարկել է ԲՀԿ-ն Մաքսային միությանն անդամացելու մտադրության մասին հայտարարությունը: Ի պատասխան Իվետա Տոնոյանը հավաստիացրեց, թե օրակարգում վերոնշյալ հարցի քննարկում չի սպասվում: