Վարչապետից սկսած` ոչ մի նախարար, ոչ մի տեղակալ, դեմ չարտահայտվեց, մի ծպտուն չհանեց

«Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրությունները բերած իշխանությունը հիմա բերում է Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը նույն անակնկալ մեթոդաբանությամբ` թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` ժողովրդավարական Ռուսաստանն ու ժողովրդավարական Հայաստանը կլինեն ամենալավ գործընկերները, բայց Խորհրդային միությունը, որը հիմա վերականգնման նախաշեմին է, իր կարծիքով, ոչ ՀՀ, ոչ ՌԴ շահերին համապատասխան չէ. «Կառավարության մեջ` վարչապետից սկսած, ոչ մի նախարար, ոչ մի տեղակալ, դեմ չարտահայտվեց, մի ծպտուն չհանեց` ասելու համար, որ միգուցե Նժդեհի կամ Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի»:

Նա Մաքսային միությանն անդամակցելու որոշումը գնահատեց որպես բոլշևիկյան հակահայկական քաղաքականության ժամանակակից կրկնություն, ապա` դիմելով հայ պաշտոնյաներին` Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին հայտաարեց. «Ամեն մեկը պետքը ունենա բարեկամական կապերից դուրս պետական ջիղը` ասելու, որ սա սխալ է: Դա վտանգում է մեր արտաքին քաղաքականության ինքնուրույնությունը և մեր ինքնիշխանությունը»:

Հայաստանը, նրա համոզմամբ, կդառնա երրորդ «սորտի» երկիր, եթե արտաքին և ներքին քաղաքականությունում տեղի ունեցող զարգացումները նույն տեմպերով շարունակվեն: Ըստ նրա` Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը ոչ միայն կկորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունն ու այնքան կզրկվի իր ինքնուրույնությունից, ավելին` կարող է նշանակություն չտալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նա չբացառեց, որ Մաքսային միությանը անդամագրվելու ՀՀ որոշումը «քաղաքականության արգանդում կապ ունի ռուս-ամերիյան հարաբերություններ հետ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս