Բաժիններ՝

Հրանտ Դինքի սպանության գործով ցմահ ազատազրկվածն ամեն ինչ բարդում է տվյալ գործով արդարացվածի վրա

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի արդարադատության պալատում մեկնարկել է Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարության առաջին նիստը: Չնայած նրան, որ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը նախորդ տարի վճռել էր, որ Դինքի սպանությունը չի իրականացրել կազմակերպված հանցավոր խումբը՝ Վճռաբեկ դատարանն այս տարի դրան հակառակ վճիռ էր կայացրել, ինչն էլ հանգեցրել է Դինքի սպանության գործով նոր դատավարություն անցկացնելուն:

Դինքի սպանությունը ծրագրելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը չի ընդունում Վճռաբեկ դատարանի վճիռը՝ ընդգծելով, որ չի հիմնել ու ղեկավարել ահաբեկչական կազմակերպություն՝ Դինքին սպանելու համար: Հայալն ամեն ինչ բարդել է Դինքի գործով արդարացված Էրհան Թունջելի վրա՝ հայտարարելով, որ այդ ամենը եղել է նրա ձեռքի գործը:

Դատախազը պահանջել է որոշում կայացնել Էրհան Թունջելին տվյալ գործով կալանքի տակ առնելու մասին: Դատական նիստին ներկա են գտնվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավորներ Մահմութ Թանալն ու Սեզգին Թանրըքուլուն և քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուրքչյուն:

Դինքի ընտանիքը ներկա չի գտնվել դատական նիստին, սակայն նրա փաստաբաններն են ներկա եղել դրան:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։

2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք: Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս