Իրանի ԱԳՆ-ը հաստատել է Օբամայի ու Ռոուհանիի միջև նամակագրությունը
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզեհ Աֆհամը հաստատել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանին և Բարաք Օբաման փոխանակվել են նամակներով: Աֆհամը հավելել է, որ նախ Օբաման է նամակ հղել Ռոուհանիին, ինչից հետո ստացել է դրա պատասխանը:
Աֆհամի խոսքերով՝ նամակում Օբաման շնորհավորել է Ռոուհանիին՝ հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Աֆհամից առաջ՝ սեպտեմբերի 15-ին, Ռոուհանիին նամակ հղելու մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր Բարաք Օբաման:
Աֆհամն ընդգծել է, որ Ռոուհանին դեռ չի պլանավորել իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպել ՄԱԿ ԳԱ-ի տարեկան նստաշրջանում, որը սեպտեմբերի վերջին անցկացվելու է Նյու Յորքում: Սպիտալ տունը նույնպես հերքել է ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների հանդիպման պլանավորման մասին տեղեկատվությունը: