Բաժիններ՝

Թուրք-քրդական երկխոսությունը կարիք ունի նոր ձևաչափի. Աբդուլլահ Օջալան

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, ուր 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Այցից հետո ԽԺԿ-ի պատվիրակությունը տարածել է Օջալանի հայտարարությունը: Օջալանը կարծում է, որ թուրք-քրդական երկխոսության գործընթացը, որը մեկնարկել է մեկ տարի առաջ, պետք է շարունակվի նոր՝ առավել նպատակային ձևաչափով, ինչպես նաև ակտիվացվի և դուրս գա բանակցային նոր մակարդակ.

«Գործընթացի զարգացման համար կարևոր է, որ կառավարությունն ապահովի անհրաժեշտ հնարավորություններ ու միջոցներ՝ բանակցությունների խորացման համար: Հաշվի առնելով այն փաստը, որ միայն այդ քայլերը ճանապարհ կհարթեն կարգավորման համար՝ հուսով եմ, որ կառավարությունը հարցին կմոտենա առավել լրջորեն:

Ես մեծ նշանակություն եմ տալիս հրադադարի փոխադարձ պահպանմանը: Մենք բոլորս գիտենք, որ դա կարևոր գործընթաց է, և որ դրա ճանապարհին կան դժվարություններ ու մարտահրավերներ: Եթե մենք կարողանանք հաղթահարել դժվարությունները՝ իմ առաջարկներին համապատասխան, ապա մենք կկարողանանք ընթանալ ավելի առաջ՝ դեպի նոր ձևաչափով բանակցությունների խորացմանը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հայտարարեց, որ դադարեցնում է իր զինյալների դուրս բերումը Թուրքիայի տարածքից, քանի որ Թուրքիայի կառավարությունը մատնված է անգործության՝ կապված բարեփոխումներ իրագործելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս