Արման Մելիքյան. Տեղի ունեցած քաղաքական գլուխկոնծին պետք է որ հանգեցնի առնվազն ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի էական փոփոխության
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի երեքին Հայաստանի` Մաքսային Միության մեջ մտնելու ցանկության մասին պարոն Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունն օրինաչափ էր և սպասելի հատկապես Պուտին-Ալիև օգոստոսյան հանդիպման արդյունքների համատեքստում: Ինչպես անհնար էր ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ֆուտբոլային «դիվանագիտության» շրջանակներում` այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանի վերահսկողությունն իրականացվում է ռուս սահմանապահների կողմից, նույն կերպ էլ անպատկերացնելի է Հայաստանի իրական եվրաինտեգրումը Հայաստանում ներկայումս գործող իշխանական համակարգի այսօրվա որակների պահպանման պարագայում:
Գոյություն ունի մի կողմից`հայկական իշխող վերնախավի ու եվրոպական արժեհամակարգի աշխարհայացքային անհամատեղելիություն, որը միջնաժամկետ հեռանկարում լրջորեն խոչընդոտելու է առարկայական մերձեցմանը, իսկ մյուս կողմից` համընդգրկուն է Հայաստանում քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքն ունեցող անհատների շատ նեղ շրջանակի անձնական կախվածությունը Ռուսաստանի Նախագահի ու կառավարական տարատեսակ «բարձր դռների» բարեհաճ վերաբերմունքից: Ստեղծված իրավիճակում հատկապես մեծ պետք է լինի այն հայ պաշտոնյաների, դիվանագետների հիասթափությունը, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն օր առաջ ստորագրելու համար և անկեղծորեն հավատացել են, որ այս ուղղությունը միակ հնարավոր տարբերակն է Հայաստանի համար:
Կարծում եմ, որ տեղի ունեցած քաղաքական գլուխկոնծին պետք է որ հանգեցնի առնվազն ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի էական փոփոխության: Կատարվածի լույսի ներքո միանգամայն տրամաբանական կլինի, եթե առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը թողնի իր ներկայիս պաշտոնն ու ստանձնի ՌԴ-ում ՀՀ Դեսպանի պարտականությունները: Իսկ մենք բոլորս պետք է գիտակցենք` քանի դեռ ինքներս ներքուստ չենք փոխվել ու պատրաստ ենք երկակի չափանիշներով առաջնորդվել, ապա ինչ միջպետական միավորման անդամ էլ դառնանք, քաղաքական և կենցաղային մակարդակում նույն գանձագողն ու անճարակն ենք մնալու»: