Բաժիններ՝

«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն

Երկու ոտքից զրկված, միայնակ ապրող Աշխեն Մարգարյան ամեն առավոտ ստիպված է աստիճաններին նստած` մեծ դժվարությամբ, մի կերպ երրորդ հարկից իջնել երկրորդ հարկ, իսկ երեկոյան` առավել մեծ դժվարությամբ վերև բարձրանալ:

Հաշմանդամ կնոջ բնակարանը Եղեգնաձորի Սևակի 9 շենքի երրորդ հարկում է, աշխատավայրը` 2-րդ հարկում: Յոթ տարի է` 22 քմ մակերեսով տարածքը վարձակալել և աշխատում է: Ինքնուս վարպետի տորթերը քաղաքում շատերն են համտեսել ու համտեսում, հիմա էլ նա մի քանի բնակչի աշխատանքով է ապահովել, ուսանողներ ունի:

Panorama.am-ի հետ զրույցում տիկին Աշխենն ասել է, որ իր բնակարանի հարևանությամբ երրորդ հարկում 43 քմ ազատ տարածք կա: Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն իրեն այցելած մարզպետից խնդրել է մի միջոցով այդ տարածքն իրեն տրամադրել, ինքը պատրաստ է այն գնել, կամ, ավելի նախընտրելի է, վարձակալել:

«Կես ժամ տևում է, մինչև մի հարկը բարձրանում եմ, կամ իջնում: Կողքից կանգնած ինձ աշխատողները ուժ են տալիս` մի քիչ էլ, մի աստիճան էլ, հասար-հասար, ինչ է, որ գնամ իմ անկողնում քնեմ: Էդքան չի կարելի դառնություն ճաշակել»,-իր ամենօրյա տանջանքները ներկայացրել է կինը:

Մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն, այստեղից պատասխանել են, թե տարածքը սեփականաշնորհման գործընթացում է: Հետո ավելի ուշ տեղեկացել են, որ երրորդ հարկի տարածքը, 600 քմ մակերեսով նկուղի հետ ընդգրկվել է մեկ փաթեթում ու աճորդի է հանվելու: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 18-ին, մեկնարկային գինը կազմում է մոտ 22մլ 600 հազար դրամ:

Կայքի թղթակցի  հետ զրույցում  հաշմանդամ կինը համոզմունք է հայտնել, որ աճուրդը ձևական բնույթ ունի, ու կաշառքի պատճառով աշխատանքից ազատված դատավորի որդին էլ հիմա ներկայանում է որպես աճուրդում պոտենցիալ հաղթած, նույնիսկ կնոջն առաջարկել է երրորդ հարկի տարածքը իրենից գնել 10 հազար դոլարով, «իրան փող է պետք, արդեն այդ տարածքը ռեկլամ է անում»:

Ավելին, նա մի օր եկել է տիկնոջ մոտ, նրան մեղադրել «մարզպետի հետ իր հետևը քանդելու մեջ»:

«Ես ի վիճակի չեմ այդքան գումար տալ: Փառք աստծո իմ ձեռքն իմ բերանն է, ես ոչ ոքից ոչինչ չեմ խնդրում, միայն պետականորեն թող ինձ համար հարմարություններ ստեղծեն, թող վերելակ դնեն, ես կարողանամ իջնել-բարձրանալ, խիղճն էլ լավ բան է: Ես հո դա Արման Սահակյանի գրպանից չե՞մ ուզում, առաջարկում եմ, էդ տարածքը ուրիշին ծախելու փոխարեն ինձ վաճառեն նույն գնով: Ես իմ դեղի փողն եմ աշխատում, հո ոչ մեկից օգնություն չե՞մ խնդրում: Ինձ թվում է, իմ խնդրանքն ու պահանջը իրավացի են, աստված տար, ես առողջ լինեի, կիջնեի ու կբարձրանայի»,-ասել է կինը:

Աշխեն Մարգարյանի հաշվարկով, իր բնակարանի հարևանությամբ գտնվող մոտ 43 քմ տարածքն առանձին վաճառելու դեպքում կարժենա 1 մլն մի քանի հարյուր հազար դրամ:

«Էդ դեպքում կարելի է վարկ վերցնել, բայց հիմա ընենց բան են արել, որ այդքան գումար իրա վրա դրած ես ամբողջ կյանքում չեմ էլ տեսնի»,-ասաց Ա. Մարգարյանը: Նա զարմանում է, թե ինչպես են ոչ բնակելի նկուղն ու երրորդ հարկի բնակելի տարածքը հայտնվել նույն փաթեթում, ինչպես են տարբեր նշանակության տարածքները վաճառվելու նույն գնով:

Պետգույքի վարչության մամուլի խոսնակ Մարգարաիտ Սարգսյանը կայքին հայտնել է, որ խնդրո առարկա շենքն ի սկզբանե բնակելի չի եղել, կենցաղային տարբեր օբյեկտներ են եղել: 95-96 թվականներին մասնավորեցումը եղել է հատվածական, ամեն մեկը սեփականացրել է իր զբաղեցրած տարածքը:

«Ամբողջ շենքից մնացել են միայն նկուղն ու երրորդ հարկի այդ տարածքը: Որպեսզի դա էլ մասնավորեցվի, ամբողջի համար մի փաթեթ է կազմվել: Կառավարության որոշումը եղել է հուլիսի 25-ին»,-ասել է Մ. Սարգսյանը, ավելացնելով, որ եթե փաթեթով չվաճառվի, ապա կառավարության նոր որոշում կլինի:

Մանրամասները  կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս