Է. Շարմազանով.Սպասենք և հաջորդ քառօրյային արդեն կներկայացնենք գլխավոր դատախազի թեկնածուին

tert.am –ի փոխանցմամբ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում, որը մեկնարկել է 40 րոպե ուշացումով,  քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր, այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Գլխավոր դատախազի փոփոխության հարց քննարկվել է՞» լրագրողների հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Կարծում եմ՝ բոլորդ պետք է տեղյակ լինեք, որ պարոն նախագահն արդեն հանդիպել է գլխավոր դատախազի հետ և երկրորդ՝ կուսակցությունն այն մարմինը չէ, որը որոշում է, թե ով պետք է լինի գլխավոր դատախազ: Սպասե՛նք և հաջորդ քառօրյային արդեն կներկայացնենք գլխավոր դատախազի թեկնածուին»:

Ի պատասխան հարցի, թե կուսակցությունում որևէ մեկը կամ ՀՀԿ խոսնակը տեղյա՞կ է՝ ով է նշանակվելու ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար, Էդուարդ Շարմազանովն առաջարկեց դանդաղ շտապել՝ հասարակությունը կտեղեկանա բոլոր հարցերի մասին էլ:

tert.am –ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Աղվանն Հովսեփյանի՝ երկրորդ ժամկետում չառաջադրելու մասին և չի նշել գլխավոր դատախազի որևէ թեկնածուի անուն:

galatv.am – ի փոխանցմամբ` Մաքսային միությանն անդամակցելու որոշման եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումների մասին Էդուարդ Շարմազանովն ասել է. «Հիմնական քննարկումները առաջիկայում կլինեն, եւ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կկարողանան իրենց տեսակետը հայտնել: Ես դեմ եմ վերջակետերով խոսելուն, ես լավատես եմ, եւ թե՛ Հայաստանի եւ թե՛ ԵՄ-ի շահերից է բխում, որ քաղաքական երկխոսությունը շարունակվի, Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելը բխում է բացառապես մեր շահերից, եւ անհիմն են բոլոր այն հայտարարությունները, թե մեզ ճնշում են, դրանք բնականաբար այդպես չեն, տնտեսական առումով դրանք շահեկան են»:

Հարցին, թե Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիության որոշ գործընկերներ ահռելի ճնշման տակ են հայտնվել, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Է. Շարմազանովն ասել է. «Ես կարծում եմ, որ մենք կողմ ենք բանակցությունների շարունակմանը, իսկ ճնշումների վերաբերյալ ես արդեն հայտնեցի իմ տեսակետը»:

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակելու փաստին, ապա Է. Շարմազանովը նշել է, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել իրավական ոլորտի հարցեր:

 

 

Տեսանյութեր

Լրահոս