
Մենք ունենք տնտեսության զարգացման նախագծեր՝ կապված 2023, 2053 և 2071 թվականների հետ. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը հետագայում նույնպես աճելու է ժողովրդավարությանը ամրապնդմանը զուգահեռ:
Էրդողանի խոսքերով՝ ներկա դրությամբ Թուրքիայում ազգային եկամուտը կազմում է ավելի քան 1 տրիլիոն լիրա (1 դոլարը հավասար է 2 լիրայի), ինչը վկայում է Թուրքիայի տնտեսական հզորության մասին. «Մեր կառավարության պարտքն է նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների ամրապնդումը»:
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան մշակել է տնտեսության զարգացման մի շարք նախագծեր՝ կապված 2023, 2053 և 2071 թվականների հետ:
Հիշեցնենք, որ 2023 թվականին լրանալու է Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (29.10.1923), 2053 թվականին՝ օսմանների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավման՝ 600-ամյակը (29.05.1453), իսկ 2071 թվականին՝ սելջուկների կողմից Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերին պարտության մատնելու 1000-ամյակը (26.08.1071), ինչը նրանց համար ճանապարհ հարթեց դեպի Փոքր Ասիա: