
Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց, թե ինչու են Մաքսային միությանն անդամակցելու որոշումը գաղտնի պահել եվրոպացիներից

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարծում, թե Մաքսային միությանը անդամակցելու մասին ՀՀ մտադրությունը մասին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը հապշտապ է կայացվել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հ. Աբրահամյանն ասաց, թե ՀՀ նախագահը անդամագրության շուրջ հայտնել է իր համաձայնությունը, մտադրությունը, ինչից հետո՝ ապագայում, երկու պետությունների կառավարությունները աշխատելով միմյանց հետ պետք է ընդհանուր համաձայնության գան՝ փաստաթուղթը ներկայացնելով ԱԺ:
Ինչ վերաբերում է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին, թե Մաքսային միությունն անհամատեղելի է ԵՄ ասոցացման համաձայնագրին, ԱԺ նախագահը նկատեց. «Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին: Իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը այլ հասկացություն է: Մենք կարծում ենք, որ չի հակասում Ասոցացման համաձայնագրին և ևս մեկ անգամ պնդում եմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ շարունակելու են բանակցել Եվրոպայի հետ, խորացնել բարեփոխումները, որոնք իրականցնում են ՀՀ-ում ԵՄ-ի հետ:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, թե ՀՀ իշխանությունները կողմնակից են ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Դիտարկմանը, թե երկրորդ կողմը՝ Եվրոպան, կողմ չէ նախաստորագրմանը, Հովիկ Աբրահամյանը արձագանքեց, թե երկրորդ կողմը վաղը հանդիպելու ՀՀ իշխանություններ հետ և քննարկումների արդյունքում որոշում է կայացնելու:
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի համար նոր փաստաթուղթ մշակվի, նա պատասխանեց, թե ՀՀ-ն շարունակելու է աշխատանքը ԵՄ-ի հետ:
Հիշեցնելով հանձնակատար Ֆյուլեի այն հայտարարությանը, թե իրենք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մտադրության մասին իմացել են միան օգոստոսի 30-ին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ավելի վաղ տեղյակ չեն պահել այդ մասին եվրոպական գործընկերինին, ինչին Հ. Աբրահամյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե ԱԳ նախարարը դրան անդրադարձել է: