ԱՄՆ-ը պետք է այլ երկրների հետ աշխատի ռուսական առաջարկի վրա. Բժեզինսկի
PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հեղինակավոր քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է այլ երկրների հետ աշխատի Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի վրա.
«Դա հնարավորություն կտա խուսափել ամերիկյան ռազմական գործողությունից ու կանխել հակամարտության հնարավոր ընդլայնումը ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում: Քիմիական զենքին առնչվող ռուսական նախաձեռնության մասին դեռ հայտնի են միայն ընդհանուր գծեր, այն կարող է առաջացնել բազմաթիվ բարդ հարցեր:
Ես չգիտեմ, թե որքան հեռու են ռուսները պատրաստ դրա իրագործման հարցում գնալ մեզ հետ: Սակայն եթե մենք դրա վրա աշխատենք լրջորեն ու պարբերաբար, ապա վերջիվերջո կիմանանք Ռուսաստանի մտադրության լրջության աստիճանը: Անձամբ ես կարծում եմ, որ նրանք մինչև որոշակի աստիճան տրամադրված են լրջորեն, ինչի համար էլ ռուսական առաջարկն ունի հաջողության հասնելու հնարավորություն:
Ամենք դեպքում մենք չպետք է մերժենք դա, մինչև չստուգենք այն, թե հնարավո՞ր է դա իրագործել: Կարծում եմ, որ դա կլինի գործելու խելամիտ տարբերակ և պետք է փորձել գնալ այդ ճանապարհով: Եթե մենք սկսենք փոխգործակցել Ռուսաստանի հետ, ապա այդ գործընթացը կզարգանա դրական ուղղությամբ»: