Սերժ Սարգսյանի կրեմլյան հայտարարությունից հետո Պուտինը պարզապես դատապարտված է զարգացնել հաջողությունը Հարավային Կովկասում

REX լրատվական գործակալությունը ներկայացրել է Բաքվի ԶԼՄ-ների տեսությունը՝ կապված Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վարած քաղաքականության հետ. «Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր նշանակվելուց հետո առաջին (եռօրյա) այցով ժամանել է Բաքու:

Բաքվում Ուորլիքը հանդիպումներ ունեցավ երկրի պաշտոնատար անձանց, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է դիվանագետը, Հարավային Կովկաս իր առաջին այցի շրջանակներում նա այցելելու է նաև Երևան ու Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է սեպտեմբերի 9-ին, որի ժամանակ նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը: Ճեպազրույցի ժամանակ Ուորլիքը հայտարարել է, որ մոտենում է հրադադարի 20-ամյակը, և որ անհրաժեշտ է համարում գտնել տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը հասնելու ուղին: Ուորլիքի խոսքերով՝ եկել է ժամանակը, որ կողմերը ցուցաբերեն քաղաքական կամք և ձեռնարկեն համարձակ քայլեր:

Ուորլիքին հարց է ուղղվել. «Ճանաչո՞ւմ եք ադրբեջանական տարածքների օկուպացիան»: Ի պատասխան՝ Ուորլիքը հայտարարել է. «Ես այստեղ եմ, որպեսզի լսեմ բոլոր կողմերին և հնարավորինս լավ հասկանալ իրավիճակը: Եվ ես այստեղ եմ ոչ թե անցյալի համար, այլ՝ ապագային նայելու և այս հակամարտության կարգավորման համար»:

Ուորլիքը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, ապա պլանավորել է Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ 68-րդ նստաշրջանի շրջանակներում իր ֆրանսիացի ու ռուս գործընկերների հետ: Ամերիկացի համանախագահի այցն ու նախագահ Օբամայի նամակը մեծ արձագանք է գտել վերլուծաբանների շրջանում:

«Ատլաս» ռազմավարական հետազոտությունների ղեկավար Է. Շահինօղլին հայտարարել է, որ Օբամայի նամակում չկա որևէ դրույթ կամ արտահայտություն, որն արժանի կլիներ ուշադրության: Նրա կարծիքով՝ իր առաջին նախագահության ժամանակ Օբաման ցույց է տվել, որ Սպիտակ տան համար հետաքրքիր չեն Հարավային Կովկասի խնդիրները:

Վաշինգտոնը ձգտում է Եվրասիա տարածաշրջանում զբաղվել ավելի գլոբալ խնդիրներով (Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Աֆղանստան): Ելնելով դրանից՝ վերլուծաբանը փաստում է, որ Օբաման միայն խոսքով կարող է արտայհայտել իր դժգոհությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգման հետ, սակայն իրականում չի պատրաստվում իր էներգիան ծախսել տվյալ խնդրի լուծման վրա:

Մյուս կողմից էլ նա կարծում է, որ Օբաման մտադիր չէ Կովկասում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի շահերի հետ: Շահինօղլին վստահ է, որ Օբաման պատրաստ չէ միայնության մեջ ձեռնամուխ լինել այդ հարցի լուծմանը:

Նրա հետ համակարծիք չէ Ռաուֆ Միրկադիրովը, ով ամերիկացի համանախագահի Բաքու կատարած այցի մեջ տեսնում է Անդրկովկասում ԱՄՆ-ի ակտիվանալու ցանկություն: Նրա կարծիքով՝ ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնը սեպարատ բանակցություններ է սկսում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Վկայակոչելով դիվանագիտական իրազեկ աղբյուրներին՝ Միրկադիրովը հայտարարել է, որ Ուորլիքը Բաքվում ու Երևանում քննարկելու է նոր նախաձեռնություններ, որոնք թեև հնչեցվել են Մադրիդյան սկզբունքների հետ, սակայն չեն հանդիսանում դրանց կրկնություն: Միրկադիրովի կարծիքով՝ գոյություն ունի նվազագույնը երկու խնդիր, որոնք Վաշինգտոնին հարկադրում են գործել օպերատիվ ձևով և ինչ-որ չափով արագացնել իրադարձությունները: Դրանցից մեկը Պուտինի գործոնն է:

Միրկադիրովը վստահ է, որ իր նախագահության երրորդ ժամկետում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել արտաքին քաղաքականությանը, ինչի մասին վկայում են ոչ վաղ անցյալի համաձայնագրերը, իրադարձությունները, ինչպես նաև Կրեմլի հայտարարությունները:

Միրկադիրովը կարծում է, որ վերջին 7 տարում Պուտինի առաջին այցն Ադրբեջան և Ադրբեջանի հետ կնքած 4 միլիարդ դոլարի զենքի պայմանագիրն ակնհայտորեն վկայում է տվյալ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը կոնսոլիդացնելու Ռուսաստանի նախագահի ցանկությունը.
«Կովկասում Ռուսաստանի ակտիվ այլ քայլերը կարելի է դիտարկել ՀԱՊԿ գործունեության համատեքստում:

Բազմաթիվ միջազգային պայմանագրերն ու Միջին Ասիայում Ռուսաստանի ակտիվությունը ստիպում են մտածել խորհրդային ժամանակվա ոգով կայսրության կառուցման փորձի մասին: Առաջին հերթին Ռուսաստանից Հարավային Կովկասի բոլոր երկրների անկախության ու անվտանգության երաշխավորի դերում կարող է հանդես գալ միայն ՆԱՏՕ-ն:

Սակայն դրա համար (տարածաշրջանում իր ռազմա-քաղաքական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ-ը) անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում»:

Քաղաքագետ Զամին Ախունդովը, չգիտես ինչու, վստահ է, որ Ռուսաստանի ապագա ճակատագիրը վճռվում է Եվրոպայում, քանի որ Եվրոպան հանդիսանում է Ռուսաստանի գաղափարական բնույթը ձևավորող քաղաքական տիրույթ, և առայժմ այդ Եվրոպան կենսական աղբյուր է Մոսկվայի համար: Նա կարծում է, որ Առաջավոր Ասիայում, Բալկաններում ու Կովկասում Ռուսաստանի գլխավոր մրցակիցը Թուրքիան է՝ Եվրոպայում ԱՄՆ-ի արևելյան հենակետը:

Վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ Մաքսային միության վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կրեմլյան հայտարարությունը կտրուկ խորացրեց իրավիճակը Հարավային Կովկասում. «Պուտինը պարզապես դատապարտված է Հայաստանի հարևան երկրներում զարգացնել քաղաքական հաջողությունը: Հաջորդ թիրախը պետք է լինի Վրաստանը՝ հատկապես վարչապետ Իվանիշվիլիի մի շարք ռուսամետ հայտարարությունների:

Վրաստանի անկախության կորստով կսկսվի Ադրբեջանի մեկուսացումը և Եվրոպայում մեր տարանցիկ արտահանման ուղիների դադարեցմանը, քանի որ դրանք անցնում են Վրաստանի միջով: Իր ֆինանսական պաշարների շնորհիվ Ադրբեջանն ունակ է դիմանալ 3-5 տարի, սակայն հետո մեզ համար կսկսվեն ծանր ժամանակներ:

Սիրիայում իր հաջողությունը պահպանելու և ընդլայնելու համար Ռուսաստանը պետք է ամրապնդի թիկունքը Կովկասում, և դրա համար Անդրկովկասը պետք է ամբողջովին հայտնվի Ռուսաստանի ազդեցության ներքո: Մաքսային միությունում պետք է հստակեցնեն իրենդ դիրքորոշումը Հայաստանի՝ որպես Մաքսային միության անդամ, և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ներկայումս իրանական և անգամ եվրոպական ապրանքները կարող են արտոնյալ պայմաններով Լեռնային Ղարաբաղից հայտնվել Հայաստանում, այսինքն՝ Մաքսային միության տարածքում»:

Տեսանյութեր

Լրահոս