Լևոն Զուրաբյան. Ազգովի խայտառակված սպասում ենք, թե երբ այդ սև բիծը կմաքրվի Տիգրան Սարգսյանի վրայից
ԱԺ-ում շարունակվում է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը: Խոսափողին մոտ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հրավիրելուց առաջ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ հորդորեց չբարկանալ, ապա ձայնի իրավունք տվեց:
«Դեռ բարկանալու առիթ չունեմ, թեև մեկը կա»,- պատասխանեց պատգամավորը: Լևոն Զուրաբյանի հարցն ուղղված էր վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործուղման է և չի մասնակցում այսօրա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
«Հրապարկվել են փաստեր, որ օֆշորային թեմաների օգտագործմամբ Տիգրան Սարգսյանը չարաշահել է պետական պաշտոնը սեփական շահերի համար: Հիմա ազգովի խայտառակված սպասում ենք, թե երբ այդ սև բիծը կմաքրվի նրա վրայից կամ երբ նա հրաժարական կտա, որ թեթևացած շնչենք: Կիպրոսի դատախազից դեռ նորություն չկա, և ես կանդրառնամ մեկ այլ հարցի՝ ցույց տալու, որ թեթևացած շնչելու որևէ հեռանկար չկա»,- նշեց նա, ապա հայտարարեց, որ, ըստ Կառավարության կայքում տեղադրված փաստաթղթի՝ ԴԱՀԿ պետը՝ Միհրան Պողոսյանն ինքն իրենից ավտոմեքենաներ է գնել՝ պետական բյուջեի միջոցները ծառայեցնելով սեփական շահին:
Լ. Զուրաբյանը նշեց նաև, թե կառավարությունը զբացված է օլիգարխներին ծառայելով: Նա հարցրեց՝ մի՞թե Կառավարությունը տեղյակ չէր այդ մասին, կամ եթե տեղյակ էր՝ ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկել ԴԱՀԿ պետին։
ՀՀ Արդարադտության նախարար Հրայր Թովմասյանն էլ ի պատասխան՝ նախ նշեց, թե կառավարության կայքում տեղ գտածը խոսում է թափանցիկ գործելաոճի մասին, ինչը ձեռբերում է։ Հրայր Թովմասյանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ տվեց նաև դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, եթե համարում է, որ ԴԱՀԿ ղեկավարի կողմից ինչ-որ կազմակերպություն ղեկավարելը հակաօրինական է.
«Եթե գիտեք, որ չարաշահում է եղել և շուկայականից ցածր գնով են գնել, և չեն պահպանվել կանոնները, ապա պարտաստ ենք առանձին քննարկել՝ տեսնելու, թե ինչումն է խնդիրը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այդտեղ շահերի բախում չկա։
Նախարարի պատասխանը զարմացրեց ՀԱԿ պատգամավորին. «Ես զարմացած եմ, որ՝ լինելով նախարար, դուք պետք է ռեգիստրի տվյալներով զբաղվեք, և որ այդ ՍՊԸ-ի տնօրինում է հենց Միհրան Պողոսյանը, իսկ եթե համարում եք շահերի բախում չկա, ապա դուք աբսուրդ արգումենտ տվեցիք:Ասենք՝ դա ամենէժան գնումն է, դա ի՞նչ կապ ունի, բայց եթե մի գործակալություն առնում է մեքենաներ մի ՍՊԸ-ից, որի ղեկավարն է այդ ՍՊԸ-ի ղեկավարը, ուրեմն՝ այդ հարցը խնդրահարույց է։ Զարմանում եմ, որ նշում եք, թե լրացուցիչ ուսումնասիրման կարիք կա. շահերի բախում ակնհայտ կա, եթե դուք չեք գտնում, նշանակում է, որ կամ ոչ կոմպենենտ եք ամբողջ գործընթացին, կամ էլ դուք էլ եք ընդգրկված նման կոռուպցիայի մեջ»,- ասաց նա։
Հրայր Թովմասյանն էլ հակադարձեց. «Ես էլ զարմանում եմ Ձեր զարմանալու վրա, և ձեր իրավական գիտելիքների վրա։ Առաջին կուրսի իրավաբանը կապացուցի, որ դրանք տարբեր բաներ են»։