Ռուսաստանը կասեցրել է մոլդովական գինիների ներկրումը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը երեկ կասեցրել է մոլդովական գինու ներկրումը՝ «կապված դրա որակի» հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Գենադի Օնիշչենկոն:
Մոլդովական գինու ներկրման արգելքը կգործի այնքան, քանի դեռ միջոցներ չեն ձեռնարկվել «խնդրի համակարգային լուծման» ուղղությամբ: Օնիշչենկոյի խոսքերով՝ Ռուսաստանը չի պատրաստվում Մոլդովայի տնտեսության համար ստանձնել «դայակի» դեր:
Նա հավելել է, որ վերջին շրջանում Ռուսաստանը քանիցս բարձրացրել է մոլդովական գինու որակի հարցը, սակայն Քիշնևը ոչ մի անգամ չի առաջարկել բանակցել դրա շուրջ: Օնիշչենկոյի խոսքերով՝ իրենք հարցեր ունեն՝ կապված մոլդովական գինու պատրաստման տեխնոլոգիաների ու պահպանման հետ: Ի պատասխան՝ Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցելուն:
Մոլդովական կողմի պաշտոնական տվյալներով՝ այս տարի Ռուսաստան է արտահանվել կոնյակի 15 խմբաքանակ՝ մոտ 200.000 լիտր, ինչպես նաև 33.000 լիտր գինի: Օնիշչենկոն կարծում է, որ այս տարի Ռուսաստան են ներկրվել շատ ավելի մեծ քանակությամբ մոլդովական գինիներ ու կոնյակ:
Նշվում է, որ Ռուսաստանը մոլդովական գինու ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականին: Մինչ այդ դրանք զբաղեցնում էին ռուսական շուկայի մոտ 60 տոկոսը: Թեև մատակարարումները վերականգնվեցին 2007 թվականի վերջին, մոլդովացիներին հաջողվեց վերադարձնել շուկայի միայն մոտ 10 տոկոսը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մոլդովային զգուշացրել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ռոգոզինի խոսքերով՝ մասնավորապես խնդիրներ կծագեն առևտրի, Մոլդովայից աշխատուժի ազատ տեղաշարժի, ինքնահռչակ Մերձդնեստրիեի հանրապետության կարգավիճակի հստակեցման հարցերում:
Ի պատասխան՝ Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հայտարարել էր, որ Մոլդովան չի կարող ապրել «ճնշման ու սպառնալիքների» պայմաններում՝ ընդգծելով, որ իրենք մտադիր են հետագայում ևս ամրագրել իրենց կապերը ԵՄ-ի հետ: