Հերմինե Նաղդալյանը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի հայտարարության և իր ունեցվածքի մասին
«Իմ ունեցվածքը դեկլարացիայով ներկայացված է՝ ոչ մեկ տարի, ոչ երկու տարի: Ներկայացված է այնքան տարի, որքան ես որպես ՀՀ քաղաքացի պարտավոր եմ ներկայացնել»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս եք վերաբերում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությանը, ասաց Հերմինե Նաղդալյանին:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը պահանջում է տրամադրել տեղեկատվություն Հ. Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ: Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ:
«Ներկայացրել եմ բացարձակ ճշգրիտ՝ առանց որևէ խախտման: Այդ ընթացքում չեմ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղվել եմ միայն պատգամավորական աշխատանքով: ՀՀ օրենքին համապատասխան ունեմ որոշակի սեփականություն բաժնեմասի տեսքով, որը չի արգելվում պատգամավորին: Այդ կազմակերպությունն էլ, դուք էլ, կարծում եմ, հրաշալի գիտեք, որ մեր օրենքներով արգելվում է ուղղակիորեն զբաղվել ձեռնարկաիտրական աշխատանքով: Իսկ ունենալ որոշ տեսակի սեփականություն՝ ի դեմս գույքի, բաժնեմասի, կամ բաժնետոմսի, որևէ մեկին չի արգելվում ՀՀ սահմանադրությամբ»,- պարզաբանեց նա:
168.am-ի ճշտող հարցին, թե հիմնավո՞ր չէ կազմակերպության պահանջը, նա արձագանքեց այսպես. «Քանի որ դիմել են էթիկայի հանձնաժողով, ես կտամ անհրաժեշտ բացատրությունները, բայց եթե կարդաք իրենց պահանջը՝ կտեսնեք, որ խնդիրը վերաբերում է նրան, որ մատնանշած է պատգամավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երևույթ, որը բացարձակ մերկապարանոց հայտարարություն է և չի համապատասխանում իրականությանը: Իսկ որ պատգամավորը ունեցել է շահույթներ, եկամուտներ այն ձեռնակությունից, որից ունի բաժնեմաս, դա պատգամավորը տարիներ շարունակ ցույց է տվել, չի թաքցրել»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ, տիկին Նաղդալյանը նշեց, թե Կառավարության որոշում կա, որի համաձայն՝ կատարվել է որոշում, ինչը արգելված չէ օրենքով: Նրա հավաստմամբ, ինքը որևէ գործողություն, անդրադարձ, շահերի բախում չի ունեցել սրա հետ կապված: Հակառակ դեպքում, նա հավաստիացրեց, որ կվարվի ՀՀ Սահմանադրությանը համապատասխան. «Եթե իմ պատգամավորական գործունեության մեջ ունենամ որևէ առիթ շահերի բախման, կվարվեն ՀՀ օրեքի համաձայն»:
Լրագրողների դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, Հ. Նաղդալյանն արձագանքեց. «Ինձ մոտ և թղթերով և իրականության մեջ ամեն ինչ կարգին է, սիրելի եիտասարդ գործընկերուհի: Իսկ թե դուք ինչո՞ւ եք ուզում անպայման ոչ այլ կերպ ներկայացնել… »:
Ի վերջո, փորձեցինք ճշտել նաև, թե ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանին հաջողվել նման ունեցվածք ձեռքբերել, ինչին ի պատասխան նա վստահեցրեց, թե ամբողջ կյանքում աշխատել է ու ստեղծել այն սեփականությունը, որն ունի.
«53 տարեկան եմ: Քեզնից 23 տարի ավել աշխատել եմ: Շատ կուզենամ, որ դու էլ այդքան աշխատելուց հետո այնքան արդյունք ունենաս, որքան ես»:
Լրագրողների հարցին, թե դրանից հետո կկարողանա՞ 16 բնակարան ձեռքբերել, ինչպես դա արել է Հերմինե Նաղդալյանը, ԱԺ փոխնախագահը նախ ուղղեց. «16 չէ, 14…», ապա հավելեց. «Եթե շատ աշխատես՝ կկարողանաս: Իսկ եթե կարողանաս բանկերում վարկային լուրջ կենսագրություն ունեցած լինես, կարող ես դիմել բանկին, վարկ վերցնել, ինչպես դա ես եմ արել»: