Ո՞վ է առաջինը կրակել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի ընթացքում առաջինը կրակել է նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Խաչատրյանի պաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը: Նրա խոսքով՝ Տիգրան Խաչատրյանը տեսել է, որ տան մոտ եկավ «Ժիգուլի» մակնիշի մեքենա, միջից իջավ Արտակ Բուդաղյանը և անմիջապես սկսեց սպառնալինքեր տալ. «Սպանել Խաչատրյաններին, Դեզոյի ցեղը վերացնել, իրենց հարազատներին սպառնալիքներ և հայհոյանքներ, ձեռքին հրազեն: Ոչ ոք չգիտի՝ հրազենի մեջ փամփուշտ կա՞, թե՞ չկա: Պարոն Ալումյանի հիմնական փաստարկումը այսօր կայանում է նրանում, որ ասում է՝ այդ որսորդական հրացանի մեջ փամփուշտ չի եղել, բայց փամփուշտ չլինելը դեռ չի նշանակում, որ դիմացինը պետք է այդ մասին իմանա: Եթե ես տեսնում եմ, որ ինձ սպառնում են և սպառնացողի ձեռքին կա հրազեն, ես չեմ կարող հարցնել՝ այդտեղ փամփուշտ կա՞, թե՞ ոչ: Ես պետք է պաշտպպանվեմ, անպայման պետք է պաշտպանվեմ: Չպաշտպանվելը բարոյական չէ: Նա պաշտպանվել է: Տեսել է, որ իր մայրը, իրենց տան աշխատակիցը և Ավետիք Բուդաղյանը փորձում են խլել Ավետքի Բուդաղյանի ձեռքից որսորդական հրացանը: Այստեղ երևում է՝ ինչո՞ւ է Ավետիք Բուդաղյանը փորձում եղբոր ձեռքից խլել հրազենը: Ուրեմն՝ վախենում է, որ նա կկրակի, այսինքն՝ ինքն էլ չգիտի, որ հրազենի մեջ փամփուշտ չկա: Այսինքն՝ անձիք ընկալում են իրավիճակը իրենց համար վտանգ սպառնացող: Դիտում են դա որպես ոտնձգություն և փորձում են կանխարգելել, թույլ չտալ, որպեսզի նա կրակ արձակի և որևէ մեկին վիրավորի կամ ավելի ծանր վնասվածք պատճառի:

Ընդամենը 3 վայրկյան է ունենում Տիգրան Խաչատրյանը, որպեսզի տեսնի, որ մինչ այդ նա տեսնում է, որ այս երեք հոգին փորձում են Արտակի ձեռքից խլել հրազենը, 23:07:30 վայրկյանին Արտակ Բուդաղյանը ձեռքի շարժումով՝ վերից վար, աջից ձախ հրազենը ձեռքին, եղբորը նետում է դեպի ասֆալտ: Եղբարը ընկնում է ասֆալտին, որի վրա լցված է ավազ, ավազի կույտ և անմիջապես բարձրանում է: Հենց այնտեղ կրկին անգամ երևում է, որ Ավետիք Բուդաղյանի ձեռքին կա հրազեն»: Տիգրան Խաչատրյանը կրակել է այն ժամանակ, երբ տեսել է, որ Արտակ Բուդաղյանն ազատվել է և կարող է կրակել: Ըստ Ռուբեն Սահակյանի՝ Տ. Խաչատրյանը կրակել է 4 անգամ. դրանցից 3-ը դիպել են Ավետիք Բուդաղյանին, մեկը՝ Արտակ Բուդաղյանին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Քննչական ծառայությունը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Ռուբեն Սահակյանը գործն ապացուցողական տեսակետից պրիմիտիվ անվանեց. «Իմ պրակտիկայում նման գործ երբեք չի պատահել, թե քննիչ ժամանակ, թե փաստաբան ժամանակ: Ինչու՞. որովհետև չի եղել մի ապացույց, որը ամեն ինչ իր մեջ ներառել է»:

«3 ամիսից ավելի է՝ կոլեգաս անթաքույց տարածում է ապատեղեկատվություն, սխալ է ներկայացնում փաստերը, շատ փաստերի մասին տեղյակ լինելով՝ փաստերի, որոնք արդարացնում են Խաչատրյաններին, լռում է: Սա ամենավտանգավորն է, երբ փաստ գիտես, բայց լռում ես»,- ասաց Ռուբեն Սահակյանը: Բուդաղյաններ փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ երբ Ավետիք Բուդաղյանը գալիս է Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, 5-6 հոգի մոտենում են Ավետիքին և քաշքշում նրան: «Նման բան կադրերում չկա»,- ասաց Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ այդ անձանցից ոչ ոք զինված չի եղել:

Կարդացեք նաև

Ասուլիսի ընթացքում Զարզանդ Նիկողոսյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանն ասաց, որ Զարզանդ Նիկողոսյանը որոշ ժամանակ ապօրինի է գտնվել կալանքի տակ: «Դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննությունը՝ թիվ 12-70 եզրակացությունը, արդեն պատրաստ է եղել հուլիսի 9-ին, հետևաբար այդ ժամանակ արդեն նախաքննական մարմիններին պարզ է եղել, որ զարզանդ Նիկողոսյանը կրակել է մեկ անգամ այն էլ ձեռքին, հետևաբար սպանության խնդիր չէր կարող լինել, նույնիսկ ծանր մարմնական վնասվածքի խնդիր չէր կարող լինել: Ամենաշատը կարող էր լինել միջին ծանրության վնասվածք: Այդ ժամանակվանից հետո նախաքննական մարմինները նրան անօրինական են պահել կալանավայրում»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս