Բաժիններ՝

Փարաքար. հավերժական պայքար կոյուղաջրերի ու «Զվարթնոց» օդանավակայանի դեմ

Եթե դուք նույնիսկ մեկ անգամ անցել եք Երևան-Էջմիածին մայրուղով, վստահաբար զգացել եք այն սարսափելի հոտը, որ արդեն երկու տասնամյակ գալիս է Փարաքար գյուղից: Երկու քաղաքների միջև գտնվող Փարաքարը հսկայական համայնք է` 10.000  բնակչությամբ: Հիմնական աշխատավայրերը հարևանությամբ գործող «Զվարթնոց» օդանավակայանն է, Երևանի և Էջմիածնի ձեռնարկությունները: Հողագործությամբ քչերն են զբաղվում: Թեպետ խաղողի այգիները խորհրդային տարիներին լավագույնն էին համարվում, սակայն այսօր դրանք գրեթե չկան: Խնդիրը մեկն է. կոյուղու բացակայությունն ու դրա հետևանքները:

Փարաքար համայնքի կոյուղու պոմպակայանի փլուզումը 20 տարվա կենսագրություն ունի: Մինչ օրս պոմպերը չեն գործում, պոմպակայանը` նույնպես, և կոյուղաջրերը դուրս են գալիս ոռոգման ցանց ու տարածվում գյուղամեջ: Բառերով դժվար է ներկայացնել այն սարսափելի հոտը, որ կա Փարաքարում, ու այն զզվելի, հակահիգիենիկ տեսարանը, որին հանդիպում ես գյուղում յուրաքանչյուր քայլափոխի:

«Էս կեղտի մեջ արդեն մի կյանք է՝ ապրում ենք: Զզվելի է, ամռան շոգին պատուհանները փակում ենք, որ հոտից չխեղդվենք, երեխեքին արգելում ենք փողոցում խաղալ. ո՞նց թողնես, որ երեխադ կոյուղաջրի մեջ խաղա: Գյուղի փողոցներում ասֆալտ էլ չկա, ու կոյուղաջուրը խառնվում է հողին, ցեխ է դառնում, այնպես, որ տանից դուրս գալիս ստիպված են կեղտի միջով քայլել: Ինձ թվում է` մեր երկրում որևէ այլ համայնք չկա, որտեղ նման տեսարան կա, որտեղ նման իրավիճակ է»,- մեզ հետ զրույցում ասում է Մարիաննան:

Գյուղի միջնակարգ դպրոցի բակով կոյուղաջրերի առուն է անցնում: Աշակերտները հիշում են, որ տարիներ առաջ՝ մայիս ամսից սկսած մինչև հոկտեմբեր, չէին կարողանում բաց պատուհաններով դաս անցկացնել: Տարիներ շարունակ կոյուղաջրերը հավաքվել էին դպրոցի բակում, ու սարսափելի հոտը թույլ չէր տալիս կենտրոնանալ դասերի վրա: Եվ որպեսզի հոտից չխեղդվեին, ու դասաժամն արդյունավետ օգտագործեին, դպրոցը սեփական միջոցներով բակի հետնամասում հող ավելացրեց, մաքրեց ու փակեց տարածքը: Սակայն հարևանությամբ գործող առվից շարունակում է հոսել կոյուղաջուրը: Դա փակել չեն կարողանում, սակայն պաշտպանական միջոցառումներ են իրականացնում, որպեսզի երեխաները չվարակվեն: Մասնավորապես, ցածր դասարանի երեխաներին արգելում են դպրոցի բակում խաղալ, մեծահասականերին հետևում են ու զգուշացնում՝ հեռու մնալ առվից:

Փարաքարցիները հիշում են, որ մի քանի տարի առաջ կոյուղաջուրն ու խմելու ջուրը խառնվել էին իրար: «Որ ծորակը բացում էիր` սարսափելի հոտ էր գալիս»,- պատմում են փարաքարցիներն ու ավելացնում, որ մի քանի օր շարունակ ջուրը եռացնում էին, նոր խմում: Հետո ջրմուղից եկան, համաճարակաբանական տեսչությունից, ու հարցն ավարտվեց: Գյուղացիներից շատերի մոտ թունավորման թեթև ախտանշաններ էին` փորացավ, սրտխառնոց և գլխապտույտ: «Բարեբախտաբար լուրջ դեպքեր չեղան, սակայն ո՞վ գիտի՝ հաջորդ անգամ էլ բախտը կժպտա՞»,- ասում է տիկին Գոհարը:

Փարաքարցիները հավաստիացնում են, որ տարիներ շարունակ իրենց խոստացել են կոյուղու հարցը լուծել, սակայն ոչ մի առաջընթաց էլ չկա: Նման խոստում լսել են նախ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, հետո՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), հետո էլ՝ նախագահական, սակայն՝ ապարդյուն:

Փարաքարցիների դժգոհությանը համամիտ չէ գյուղապետ Սամվել Վարդանյանը: Նրա ներկայացմամբ` արդեն մի քանի տարի է՝ կոյուղու մաքրման կայանի կառուցման աշխատանքներն են ընթանում: Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Կառուցվել է բիոլճակ, սակայն մի քանի հարց դեռ պետք է լուծել: «Դրանք նույնպես կավարտվեն, փորձագետները կտան եզրակացություն, ու Փարաքարին այլևս չի սպառնա սարսափելի հոտն ու համաճարակի ուրվականը»,- ասում է գյուղապետը:

«Էշ մի սատկի՝ գարուն կգա»,- ասում է գյուղի բնակիչ Գևորգը` ավելացնելով, որ արդեն մի քանի տարի է՝ նույն բանն են կրկնում: «Ասում են` ժողովո՛ւրդ, համբերե՛ք, մի քանի հարց է մնացել լուծելու: Էս մի քանի տարի է՝ էդ մի քանի հարցը չեն կարողանոմ լուծել: Մենք էլ ոչ մի բանի չենք հավատում, քիչ է մնում՝ բժշկական դիմակներով ամբողջ օրն անցկացնենք»,- ասում է նա:

Սեփական կոյուղաջրերի դեմ պայքարը դեռ չավարտած՝ արդեն մի քանի տարի է՝ փարաքարցիները պայքարում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերի դեմ: Օդանավակայանի կոյուղաջրերը լցվում են համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը, և տարածքի շուրջ 350 հեկտար հողատարածքը վերածվում է ճահճի: «Սևահող է, ընտիր բերք կտա, ամեն ինչ կարաս ցանես, բայց ո՞նց: Էս հոտին չես կարող աշխատել, տեխնիկա էլ չի կարող մտնել, ինչքան խորանում ես, այնքան ճահիճը շատանում է: Ամբողջ տարածքը կեղտ է, մենք մեր ուժերով չենք կարող մաքրել, բայց մեր սեփականությունն է, ուզում ենք աշխատել, մշակել, օգուտ ստանալ, այնինչ օդանավակայանի կոյուղաջրերը շարունակում են հոսել: Բայց ի՞նչ անես. ինքն ամենակարող (նկատի ունի  «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին,-Հ.Հ.), մենք` ձայնազուրկ: Պետությունը պետք է նրան թողնի, մեզ լսի՞»,- ասում է Հովիկը` հավելելով, որ մի քանի անգամ նամակով դիմել են օդանավակայանի տնօրինությանը, սակայն ապարդյուն. ոչ պատասխան է եկել, ոչ էլ կոյուղաջրի հարցն է կարգավորվել: Խնդրով օդանավակայանին դիմել է նաև համայնքի ղեկավարը: «Զվարթնոցից» կրկին լռություն են պահպանել: Այժմ փարաքարցիները պատրաստվում են դիմել ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին, միաժամանակ փաստաթղթեր են հավաքում, որպեսզի կոլեկտիվ հայց ներկայացնեն օդանավակայանի դեմ:

«Եթե էս հարցը նորմալ չի կարգավորվում, ապա կդիմենք իրավապահ մարմիններին, թող օրենքի շրջանակներում մեր իրավունքները պաշտպանեն: Ինչքան հողը չես մշակում՝ էնքան կորցնում է նշանակությունը: Իսկ էսպիսի հող շատ համայնքներ կերազեին ունենալ: Բայց կոյուղաջրերի պատճառով հողի մեջ քիմիական տարրեր են անցնում, որոնք հետագայում կանցնեն նաև մթերքին: Արդեն մի քանի տարի է՝ չենք կարողանում հող մշակել, մաքրելն ու նախկին վիճակին բերելը մեզանից ևս մի քանի տարի կխլի: Հիմա ո՞վ է հատուցելու էս ծախսերը, մենք էսքան վնաս ենք կրում: Պետք է օդանավակայանը կարգավորի իր կոյուղու հարցերն ու մաքրի մեր հողերը»,- ասում են գյուղացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս