
Գյումրիում տեղադրվել են 7 նոր կանգառներ

Վերջին շրջանում Գյումրիում որոշակի փոփոխություններ են նկատվում` փոխադրամիջոցների թվի ավելացման և քաղաքում համապատասխան կանգառների վերանորոգման և նոր կանգառների տեղադրման ուղղությամբ: Հունիս ամսին քաղաք բերվեցին թվով 10 չինական նոր ավտոբուսներ, որոնք փոխարինելու են եղած հին և շարքից դուրս եկած ավտոբուսներին: Նկատվում են նաև քաղաքում նոր կանգառների տեղադրման և հների վերանորոգման հետ կապված փոփոխություններ: Ինչպես հայտնի է, քաղաքի կանգառները մինչ օրս գտնվում էին անմխիթար վիճակում, իսկ տրանսպորտային միջոցներն էլ, իրենց հերթին, օգտվելով կանգառների անբերակարգ և անմխիթար լինելու հանգամանքից, կանգնում են այնտեղ, որտեղ իրենց հարմար է` անտեսելով տվյալ վայրում կանգնելու և «ուղևոր վերցնելու» թույլատրելիությունը: Նոր կանգառների տեղադրումը կնպաստի տվյալ խնդրի լուծմանը, սակայն հիմա էլ, ի տարբերություն ավտոբուսների, միկրոավտոբուսներն են կանգնում իրենց հարմար ցանկացած տեղում, անկախ նրանից՝ այդտեղ կանգնել կարելի՞ է, թե՞ ոչ:
Գյումրիի քաղաքապետարանի փոխանցմամբ` Գյումրիում մինչ օրս տեղադրվել են 7 նոր կանգառներ, 10 կանգառ բարեկարգվել և նորացվել է, պլանավորվում է ապագայում տեղադրել ևս 3 նոր կանգառ: Գործընթացը կշարունակվի մինչ խնդրի վերջնական լուծումը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ մարզկենտրոնից դուրս` համայնքներում, բարեկարգ կանգառների հարցը դեռևս մնում է բաց. բարեկարգված կանգառների թիվը մարզի համայնքներում շատ փոքր է:
Գյումրի