Շտեֆան Ֆյուլեն խնդրահարույց է համարում Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի համատեղումը

Երեկ` սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական  հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Բրյուսելում:

ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքն այս հանդիպման մասին մասնավորապես հայտնում է, թե զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։

«Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»,- մասնավորապես նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Սակայն ԱԳՆ-ն չի տեղեկացնում, թե ինչ կարծիք է հայտնել ԵՄ հանձնակատար Ֆյուլեն` Մաքսային միությանը միանալու` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին:

Կարդացեք նաև

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը Նալբանդյանի և Ֆյուլեի հանդիպման մասին նույնպես տարածել է հաղորդագրություն:

Ըստ դրա` հանդիպումից հետո Ֆյուլեն ասել է. «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը` նոր իրավիճակի հետ կապված: Սակայն, այդուհանդերձ, Մաքսային միությանը միանալու Հայաստանի ընտրության ֆոնի վրա դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նախատեսված էր` ըստ բանակցությունների արդյունքների: Հիմք ընդունելով այն տեղեկությունը, որն այժմ ունենք, Մաքսային միության հանդեպ ստանձնված պարտավորությունների համատեղումը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների հետ թվում է խնդրահարույց»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկայի Նովոյե-Օգորյովո ամառանոցում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի համաձայն` «Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս