Նախախորհրդարան. «Միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը» (տեսանյութ)
Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության դիմաց հանդես եկավ հայտարարությամբ` ի նշան աջակցության Սիրիայի եղբայրական ժողովրդին:
«Այս տագնապալից օրերին, երբ վերահաս արտաքին միջամտության հետևանքով եղբայրական Սիրիայում պատրազմի կրակը կարող է բռնկվել նոր թափով և ծավալվել նաև Միջին Արևելքի ամբողջ տարածաշրջանում, Նախախորհրդարանն իր համերաշխությունն է հայտնում բարեկամական ժողովրդին և նրան մաղթում տոկոնություն և կամք: Մեր երկրներն ու ազգերը կապված են հազարամյակների ընդհանուր պատմությամբ, մենք չենք մոռանում, որ 20-րդ դարի սկզբին թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայերն ապաստան են գտել Սիրիայի տարածքում: Սիրիայի հայ համայնքը, դարեր շարունակ ապրելով այդ երկրում, եղել և մնում է նրա հասարակության օրինապաշտ ու ստեղծագործ հատվածներից մեկը…Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին տեղի ունեցող փորձությունների այս պահին աշխարհը և նախևառաջ մենք` ինքներս, պետք է թույլ չտանք, որ Եղեռնի խոհրդանիշը դարձած Դեր-Զորի մոտակայքում կրկին թափվի անմեղ զոհերի արյունը, լինի հայկական, թե արաբական: Նախախորհրդարանը դատապարտում է Սիրիայի ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը և աշխարհի պետություններից ու Միավորված ազգերի կազմակերպությունից պահանջում է կանխել դրանք` դրանով իսկ չեզոքացնելով նաև տարածաշրջանային պատերազմի սանձազերծման վտանգը»,- Նախախորհրդարանի հայտարարությունը կարդաց Տիգրան Խզմալյանը:
Իսկ Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանն էլ կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ռազմական ուժի կիրառման հավանականության ֆոնի վրա տարածաշրջանային պատկերն էապես փոխվում է:
«Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում… Այլևս ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը, ցանկալի է, դեպի Հայաստան»,- հայտարարեց Գարեգին Չուգասզյանը: