
Բաշար Ասադի իշխանության պահպանումը կվնասի Վրաստանի պետական շահերին. Սիրիայում Վրաստանի նախկին դեսպան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Սիրիայի գործող կառավարությունը Ռուսաստանի աջակցության շնորհիվ կարողանա պահպանել իր իշխանությունը, ապա Դամասկոսը կճանաչի Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը: Այս մասին երեկ հայտարարել է Սիրիայում և Եգիպտոսում Վրաստանի նախկին դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Գոչա Ջափարիձեն.
«Եթե ԱՄՆ-ը միջամտի այդ հակամարտությանը, ապա պարզ է, որ մեկ դիպուկ հարված, և սիրիական բանակը կդադարի գոյություն ունենալուց: Իսկ թե ինչ կլինի հետագայում, շատ բարդ հարց է: Ես գիտեմ, թե ինչ կլինի. ծայրահեղական իսլամականները կգան իշխանության գլուխ, իսկ հետո Սիրիայում կսկսվի քրիստոնյաների, ալավիների, սուննիների սարսափելի սպանդը:
Ես ականատես եմ եղել 1979-1983 թվականներին «Մուսուլման եղբայրների» սարսափելի գործողություններին: Այնպես որ ես չեմ ցանկանում, որ այդ ծայրահեղականները գան իշխանության: Միևնույն ժամանակ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հաջողվի Ռուսաստանի աջակցության պայմաններում պահպանել սեփական իշխանությունը, ապա դա կվնասի Վրաստանի պետական շահերին:
2010 թվականի մայիսին սկզբին Ասադը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին խոսք է տվել, որ Սիրիան չի ճանաչի Աբխազիան ու Հարավային Օսիան: Նույնը կրկնել է Սիրիայի արտգործնախարարը:
Եթե Սիրիային հաջողվի Ռուսաստանի օգնությամբ խույս տալ (ԱՄՆ-ի) այդ հարվածներից և պահպանել ներկայիս վարչակարգը, ապա ես ավելի քան վստահ եմ, որ դրան կհաջորդի (Սիրիայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի) ճանաչումն ու Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումը»: