Բժշկի նկատմամբ մեղմ վերաբերմունքը հանգեցրեց մահվան երկրորդ դեպքին
Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան վերաբեյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ տուժողի իրավահաջորդի բացակայության պատճառով: Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում պետք է հարցաքննվեր տուժողի իրավահաջորդը, ուստի դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Գործով մեղադրվում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը, ով ըստ մեղադրական եզրակացության, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր: Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:
Նշենք, որ Վ.Մարդանյանի բժշկական պրակտիկայում էլի նման դատական գործ է եղել, որն, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, քննել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Օհանյանի նախագահությամբ, արագացված դատաքննության կարգով: Ըստ մեղադրանքի, «Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ՓԲԸ բուժգծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը 2007թ. օգոստոսի 22-ին, ժամը 13-ի սահմաններում ԲԿ-ում լապորոսկոպիկ ասիստենցիայի եղանակով վիրահատել է Երևանի բնակիչ Մարգարիտա Աբրահամյանին, որի ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարմանը վերաբերվել է անբարեխիղճ և անփույթ, վիրահատությունը կատարել է ոչ պատշաճ` տեխնիկապես սխալ և անզգուշությամբ վնասել է հիվանդի սիգմայաձև աղու միջընդերքը, դրա զարկերակը և երակի ճյուղերը, որից առաջացած արնահոսությունից Մարգարիտա Աբրահամյանը նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում մահացել է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: