Եվգենի Սատանովսկի. «Մենք ի՞նչ է, Սիրիայի կամ Իրանի պատճառով պետք է Երրորդ համաշխարհայի՞ն սկսենք»

«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` ի պատասխան հարցին` կլինի՞ հարված Սիրիային ամերիկյան ուժերի կողմից, թե՞ ոչ:
Ըստ արևելագետի` այժմ հարցը միայն այն է, թե երբ կլինի հարձակումը Սիրիայի վրա` ամերիկյան ուժերի կողմից, և արդյոք այն կլինի ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությա՞մբ, թե՞ առանց դրա:

«Միացյալ Նահանգներն արդեն ապահովել է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների (Դանիա, Թուրքիա) և դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների (Սաուդյան Արաբիա, Քաթար, Ավստրալիա) աջակցությունը` առանց ՄԱԿ-ի որոշման»,- նշեց Սատանովսկին: Արևելագետը բացառեց, որ Սիրիայի վրա հարձակման վերաբերյալ Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները կարող են առայժմ հռետորաբանություն լինել: «Ոչ մի հռետորական բան չկա: Այժմ ընթանում է պատերազմի նախապատրաստություն»,- ասաց նա:

Ե. Սատանովսկին նաև անդրադարձավ քիմիական զենքի խնդրին, մասնավորապես` 2003թ. իրաքյան պատերազմի ու ամերիկյան ներխուժման և ներկայումս Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի համեմատությանը, քանի որ թե՛ իրաքյան պատերազմից առաջ, թե՛ այժմ տվյալ երկրի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մեղադրանքը Վաշինգտոնի գլխավոր հիմնավորումներից մեկն է` արտաքին ռազմական միջամտության համար:

«Պատերազմն Իրաքում էապես ուրիշ էր, միևնույն ժամանակ Ասադի տապալումն ավելի մեծ արյունահեղություն կբերի, քան Սադամի դեպքում: Եվ Սիրիայի մի շարք ազգային ու կրոնական փոքրամասնություններ կարող են կանգնել ցեղասպանության վտանգի առաջ, թեև ներքին կոնֆլիկտների բնույթը, կարելի է ասել, նույնն է, ինչ Իրաքում. սուննիներն` ընդդեմ շիաների, ուղղափառներն` ընդդեմ աշխարհիկների, քրդերն` ընդդեմ արաբների, և բոլորը միասին` ընդդեմ քրիստոնյաների»,- ասաց Ե. Սատանովսկին:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է սիրիական խնդրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Սատանովսկին այն գնահատեց «տրամաբանական այն երկրների համար, որոնք դեմ են սուննիական իսլամիզմի, ահաբեկչական ինտերնացիոնալի ու ջիհադի տարածմանը ողջ աշխարհում»:

Նրանից հետաքրքրվեցինք` եթե հարվածն այնուամենայնիվ լինի, այդ դեպքում ինչպե՞ս դրան կարձագանքի Մոսկվան, որն անըդունելի է համարում Սիրիայում արտաքին ռազմական միջամտությունը, արդյոք Ռուսաստանը որևէ կերպ կպատասխանի՞ :
«Ռուսաստանը կարող է ընդամենը դրոշակ տնկել, դրանից ոչ ավելին: Մոսկվան ռազմադաշտում որևէ մեկի հետ չի կռվելու, մենք ի՞նչ է, Սիրիայի կամ Իրանի պատճառով պետք է Երրորդ համաշխարհայի՞ն սկսենք: Կարող ենք զենք տրամադրել, եթե վճարեն, բայց ոչ ավելին: Իսկ մնացյալ բոլոր պատասխանները կլինեն քաղաքական և դիվանագիտական բնույթի»,- ասաց նա:

Մենք փորձեցինք հարցը դիտարկել ավելի լայն իմաստով, թե ինչ տվեցին վերջին 2-3 տարիների իրադարձությունները Մերձավոր Արևելքի արաբական երկրներին, առաջին հերթին` Եգիպտոսին, Թունիսին, Լիբիային, Սիրիային (իհարկե, հասկանալի է, որ այս երկրներից յուրաքանչյուրում տարբեր քաղաքական իրավիճակներ են) ընդհանրապես, ո՞րն էր նրանց «ձեռքբերումը». իսլամիստական իշխանություննե՞ր, որոնք ձգտում են հաստատել իսլամական շարիաթի օրենքները, թե՞ կրկին ռազմական իշխանություն: Արդյոք սրանք ունե՞ն այլընտրանք:

«Այլընտրանք չկա. կա՛մ ռազմական դիկտատուրա` խունտայի կամ էլ ավտորիտար առաջնորդի տեսքով, կա՛մ էլ իսլամիստներ, շարիաթական պետություն և ուղղափառ իսլամական հանրապետություն` ավելի ծայրահեղական տարբերակով»,- ի պատասխան մեր հարցադրմանը` ասաց արևելագետը:
Իսկ տարածաշրջանում Արևմուտքի քաղաքականությունը նա այսպես բնութագրեց. «Արևմուտքն այս դեպքում, ինչպես ասվում է ամերիկյան ասացվածքում, մի շուն է, որն իր պոչն է խաղացնում»:

Իսկ «պոչի» դերում, ըստ Սատանովսկու, հանդես են գալիս Պարսից ծոցի առանցքային պետությունները` Քաթարը և Սաուդյան Արաբիան: «Այն, ինչ տեղի է ունենում, բխում է Դոհայի և Էր Ռիյադի, ինչպես նաև` Թուրքիայի շահերից: Նրանք աշխարհիկ ավտոկրատ վարչակարգերի դեմ պայքարով ձգտում են ձևավորել ուղղափառ սուննիական բռունցք` Իրանի դեմ պատերազմից առաջ: Իսկ ներկայումս ընթացող իրադարձությունները նրանք դիտարկում են որպես պատերազմ` «անհավատների» և «շիա հերետիկոսների» դեմ»,- ասաց նա:

Ե. Սատանովսկու խոսքերով` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մերձավորարևելյան քաղաքականության մանիպուլիացիան իսկապես Մերձավոր և Միջին Արևելքում առաջացնում է քաոս, սակայն «դա չի նշանակում, թե արևմտյան քաղաքական գործիչների անձնական շահերը միշտ համընկնում են նրանց գլխավորած երկրների շահերի հետ»:
Եվգենի Սատանովսկին ավելացրեց, որ արաբական միապետությունների և Իրանի միջև պայքարն, ինչպես նաև ահաբեկչության վերելքը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա կանդրադառնան «ամենավատ ձևով»:

Հիշեցնենք, որ ներկայումս Սիրիայի խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգի գլխավոր հարցերից մեկը: Օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ որոշում է կայացրել երկրի Կոնգրեսի հաստատմանը ներկայացնելու Սիրիայի դեմ ռազմական գործողության հարցը: Ըստ բրիտանական BBC լրատվականի` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեները հայտարարել է, որ հարցը քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ի նստաշրջանի մեկնարկից հետո:

Սիրիայի քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան 2 տարի` 2011թ. մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` մինչ օրս զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ:

Իսկ, ըստ ՀՀ սփյուռքի նախարարության (չճշտված) տվյալների` ներկայումս Սիրիայում բնակվում են մոտ 50.000 հայեր, թեև մինչ քաղաքացիական պատերազմի սկիզբը` 2011թ., Սիրիայի հայկական համայնքը կազմել է մոտ 80.000 հայ, սակայն անցած 2,5 տարիների ընթացքում մոտ 30.000-ն արտագաղթել են, նրանց գրեթե կեսը` մոտ 15.000-ը, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս