ՀԺ. Հովիկ Աբրահամյանն ԱԺ իր աշխատասենյակում բուխարի է տեղադրում

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրամյանի աշխատասենյակում, ըստ մեր տեղեկությունների, բուխարի (կամին) են տեղադրում։ ԱԺ նախագահը, թերևս պատրաստվում է 5-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին. այլ կերպ ինչպե՞ս մտորել այս փուլում երկրի առջև ծառացած ճակատագրական խնդիրների մասին, եթե ոչ բուխարու կողքը նստած, մեկ գավաթ կոնյակը ձեռքին։ Սա, սակայն, նորամուծության ռոմանտիկ բացատրությունն է, մինչդեռ այն կարող է ունենալ ավելի ռեալ, չոր հաշվարկի վրա հիմնված բացատրություն։ Մասնավորապես, բուխարի ունենալով և փայտ վառելով ԱԺ նախագահը կարող է ձմռանը տաքանալ ավելի էժան, քան դա կաներ բարձրացած սակագնով գազ վառելու դեպքում։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը համատեղում է հաճելին և օգտակարը՝ ռոմանտիկ մթնոլորտ՝ գումարած լուրջ խնայողություններ»։

ԱԺ հասարակության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը թերթի թղթակցի հարցին ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի աշխատասենյակում բուխարի է տեղադրվում, պատասխանել է. «ԱԺ նախագահի սենյակը չի վերանորոգվում»։ Նա հայտնել է, որ ներկայումս վերանորոգվում է խորհրդակցական սենյակը, իսկ թե արդյոք բուխարին այնտեղ է տեղադրվում՝ չի մանրամասնել։

Ամբողջական կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս