Իրանն ազատ է արձակել դելտապլանով թռչող վեց սլովակի
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ազատ է արձակել դելտապլանով թռչող վեց սլովակի: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Վերջինիս խոսքերով՝ սլովակների ազատմանը նախորդել են տևական բանակցություններ:
Ֆիցոն չի հայտնել համաձայնագրի պայմանների մասին: Նա ընդգծել է, որ ակնկալվում է, որ Սլովակիայի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակման շուրջ բանակցությունները կլինեն չափազանց բարդ:
Իրանի իշխանությունները դեռ քննում են նրանց գործը: Այս տարվա մայիսին Իրանում կալանքի տակ էր առնվել դելտապլանով թռչող 8 սլովակ, որոնց կասկածում են լրտեսությամբ զբաղվելու մեջ:
Ազատ արձակվածներից Վլադիսլավ Ֆրիգոն հայտարարել է, որ իրենց պահել են լայնարձակ բանտախցում, ուր եղել է հեռուստացույց և ոչ մեծ խոհանոց, մյուս բանտարկյալներից զատ, իսկ քննիչներն ու բանտի աշխատակիցները շատ լավ են վարվել իրենց հետ: