Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին հետաքրքրում է միայն երկու բան. Սիրիայի ԱԳՆ
Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը քննադատել է ԱՄՆ-ին ու Թուրքիային. «ԱՄՆ-ը վերածվել է Սիրիայում մարտնչող ահաբեկիչների հովանավորի: Սիրիայի դեմ հնարավոր ագրեսիան ուղղվելու է հենց ահաբեկիչների փրկությանը:
ԱՄՆ-ի համար գոյություն չունի մերձավորարևելյան խնդիր: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին հետաքրքրում է երկու բան՝ նավթը և Իսրայելի անվտանգությունը: ԱՄՆ-ը չի հանդիսանում արաբների ընկերը, նրա համար գոյություն չունեն միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների հւմանիտար նորմերը:
Եթե ԱՄՆ-ը ցանկանում է դադարեցնել արյունահեղությունն ու սպանությունները Սիրիայում, ապա նա պետք է կանգներ Սիրիայի կառավարության կողքին և իր կողմնակիցներ Թուրքիայից կամ Սաուդյան Արաբիայից պահանջեր դադարեցնել օգնել «Ջաբհաթ ալ-Նուսրային», «Ալ Քաիդային» և այլ ահաբեկիչների, որոնք այստեղ են ժամանում Եվրոպայի բոլոր երկրներից՝ պայքարելու համար «Ալ-Քաիդայի» կողմից»:
Խոսելով Սիրիական հակամարտության սրման մեջ Թուրքիայի դերակատարության մասին՝ Միկդադն ընդգծել է, որ եթե չլիներ Թուրքիան, ապա իրենք Սիրիայում ականատես չէին լինի նման ավերածությունների, սպանությունների ու արյունահեղության.
«Թուրքիան մեր երկրի աղետների հիմնական մեղավորն է:
Այդ երկրում «Մուսուլման եղբայրների» ծայրահեղական կառավարությունը փորձում է բոլորին համոզել իր գործողությունների հումանիտարության և իսլամին հավատարիմ լինելու մեջ, մինչդեռ իրականում նա որևէ կապ չունի ո՛չ իսլամի, ո՛չ էլ արդարության հետ»: