Սիրիայի շուրջ միջազգային հանրության քայլերը պետք է հենված լինեն ՄԱԿ-ի հետաքննության արդյունքների վրա. Չինաստանի ԱԳՆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Չինաստանին է ներկայացրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ իր տվյալները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը.
«Չինաստանը հանդես է գալիս որևէ մեկի կողմից քիմիական զենք կիրառելու դեմ և աջակցում է ՄԱԿ-ի կողմից անկախ, արդար, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ հետաքննությանը: Չինաստանը մշտապես հետևում է Սիրիայում իրավիճակի զարգացմանը և նախկինի նման կարծում է, որ Սիրիական հարցը կարող է լուծվել բացառապես քաղաքական մեթոդներով:
Չինաստանը լրջորեն անհանգստացած է այն փաստի կապակցությամբ, որ մի շարք երկրներ ցանկանում են միակողմանի ռազմական հարված հասցնել Սիրիային: Միջազգային հանրությունը, ձեռնարկելով յուրաքանչյուր գործողություն, պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը, այդ կազմակերպության սկզբունքներն ու միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները:
Պետք է խուսափել Սիրիայում իրավիճակի բարդեցումից և Մերձավոր Արևելքում իրավիճակի՝ էլ ավելի սրվելուց: Կարծում եմ, որ (Սիրիայի վերաբերյալ) միջազգային հանրության յուրաքանչյուր գործողություն պետք է հենված լինի քիմիական զենքի կիրառման շուրջ հետաքննության արդյունքների վրա, որը պետք է պատասխանի այն հարցերին, թե արդյոք կիրառվե՞լ է քիմիական զենք Սիրիայում, և ո՞վ է կիրառել այն»: