
«Մի՛ վերածեք բուհերը օֆշորի, բուհը բիզնես կենտրոն չէ». ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ, լուսանկարներ)

«Մի՛ վերածեք բուհերը օֆշորի, բուհը բիզնես կենտրոն չէ»՝ վերտառությամբ պաստառներով՝ ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքող ակտիվիստները այսօր երթով շարժվեցին կառավարություն: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները պահանջում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին իջնել, հանդիպել իրենց հետ և պատասխան տալ ուսման վարձավճարների թանկացման համար: Ակտիվիստները նշում էին, որ իրենց չի հետարքրում՝ ինչ հիմքով են ռեկտորատները բարձրացնել ուսման վարձավճարներ, և պահանջում են չեղյալ հայտարարել այդ որոշումները:
Միության անդամներին կառավարության շենքի դիմաց հանդիպեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա առաջարկեց բողոքի ակցիայի 30 մասնակիցներ գնալ և իրենց պահանջները քննարկել կառավարության շենքում: Միության անդամները, սակայն, չհամաձայնեցին՝ նշելով, որ դեմ են ցանկացած «կուլիսային» հանդիպման. ցանկացած հարց պետք է քննարկել բոլոր մասնակիցների ներկայությամբ: Ակցիայի մասնակիցները Ա. Ղազարյանին հանձնեցին իրենց նամակը, որում մասնավորապես ասվում էր, որ վերջերս ուսման վարձավճարների «անհիմն և անհասկանալի» թանկացումների պատճառով էլ ավելի ծանրացան ուսանողների խնդիրները: Ուսանողներն, ըստ նրանց, այսօր դարձել են սոցիալապես ամենախոցելի խաղը. «Պահանջում ենք կառավարության կողմից չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների մասին որոշումը»:
Ալեքսանդր Ղազարյանն էլ ասաց, թե ինքը 4 երեխա ունի, որոնցից 3-ը ուսանող են: Իսկ երբ ակտիվիստները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա կարողանում լուծել ուսման վարձերի խնդիրը, նա պատասխանեց, որ իր երեխաներից մեկը սովորում է անվճար, իսկ մյուսը, ով վճարովի համակարգում է սովորում, ամռանն աշխատել է, վաստակել իր կես տարվա ուսման վարձը: Ա. Ղազարյանի խոսքով՝ երբ ուսման վարձը թանկանում է, այն թանկանում է նաև պետության համար, քանի որ այն պետպատվեր է ապահովում: Ուսանողական միության անդամները նշեցին, որ կսպասեն կառավարության պատասխանին, սակայն միայն դրանով չեն բավարարվի: Սեպտեմբերի 5-ին նրանք կհավաքվեն նախագահական նստավայրի մոտ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրելու նպատակով: