
Իվանիշվիլին ՀՀ-ում, Ադրբեջանում ու Թուրքիայում Վրաստանի դեսպաններին կոչ է արել զարգացնել բարիդրացիական հարաբերությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում հանդիպել է արտասահմանում Վրաստանի դեսպանների հետ: Իր ելույթում Իվանիշվիլին անդրադարձել է տարածաշրջանի երկրների հետ Վրաստանի փոխհարաբերություններին.
«Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է խորացնել հետագա երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երկրների և մասնավորապես Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հետ:
Վրաստանը պետք է իր մերձակա հարևանների համար վերածվի փոխշահավետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների և բիզնես-հնարավորությունների իրագործման տիրույթի:
Ես իմ առաջին պաշտոնական այցերն իրականացրել եմ հենց այդ երկրներ, և բարեկամական հարաբերություններ եմ հաստատել նրանց քաղաքական առաջնորդների հետ, ինչը շատ է ուրախացնում ինձ:
Ադրբեջանում, Թուրքիայում ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին կոչ եմ անում խորացնել և զարգացնել այդ բարիդրացիական հարաբերությունները»: