
Վրաստանը պետք է գործադի առավելագույն ջանքեր՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ ալիքում ընդգրկվելու համար. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում հանդիպել է արտասահմանում Վրաստանի դեսպանների հետ: Իր ելույթում Իվանիշվիլին ընդգծել է, Վրաստանը պետք է գործադի առավելագույն ջանքեր, որպեսզի հայտնվի ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ ալիքում.
«ՆԱՏՕ-ին անդամակցելը հանդիսանում է Վրաստանի անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը, և մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երկիրը մյուս ասպիրանտ երկրների հետ հայտնվի ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ ալիքի մեջ:
Մեր երկիրն իր ներդրումն է ունենում միջազգային անվտանգության ապահովման մեջ: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է ընդգծել Վրաստանի մասնակցությունը Աֆղանստանում տարվող խաղաղապահ գործողություններում: Մեր իշխանությունները քաջ գիտակցում են, թե ինչ բարձր պատասխանատվություն է այդ առաքելության իրագործումը:
Վրաստանի համար շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, ինչը հստակեցված է ռազմավարական գործընկերության մասին ստորագրված խարտիայի շրջանակներում: Այդ համագործակցությունը հենված է ընդհանուր շահերի և դրան հասնելու համար տարբեր ոլորտներում գործադրվող ջանքերի վրա»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի ապրիլին Բուխարեստում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, որոշվել է, որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին: