ԱՄՆ-ն Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է. Ջորջ Ֆրիդման
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը երեկ մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» երկրորդ ֆորումին:
Իր ելույթում Ֆրիդմանը նշել է. «Ադրբեջանը վերածվել է աշխարհի կարևոր երկրներից մեկի՝ մասնավորապես զգալի դեր խաղալով էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում: ԱՄՆ-ն Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է: ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր:
Չնայած մի շարք հարցերի շուրջ առկա բարդություններին՝ մենք ամեն տարի ականատես ենք լինում այդ շահերի մերձեցմանը: Երկու երկրների փոխհարաբերությունները հասել են շրջադարձային կետի, ինչի համար էլ ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի համբերատարություն ԱՄՆ-ից հնչեցված մի շարք կարծիքների հանդեպ:
Ադրբեջանի ազգային շահերը նշանակում են նրա կայուն զարգացում տարածաշրջանում և աշխարհում, ինչպես նաև նրա անկախությունն առաջատար երկրներից: Իր հեռատես քաղաքականության շնորհիվ դրան հասել է Հեյդար Ալիևը:
ԱՄՆ-ը սեփական շահերն ունի տարածաշրջանում: Այդ պլանում շատ կարևոր է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը: Դրա համար Ադրբեջանն ունի և՛ հնարավորություններ, և՛ ընկերներ»: