Աշոտ Մանուչարյան. Հայաստանը պետք է խզեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ (տեսանյութ)
«Այդ ի՞նչ օպերացիա է, ի՞նչ հետևանքներով: Արդեն չորրորդ դեպքն է, որ Միացյալ Նահանգները առանց որևէ հիմնավորման մտնում են երկրներ և ավերում են այդ երկրները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Սիրիայի շուրջ ստեղծված լարված իրավիճակի մասին:
«Օրինակ` ի՞նչ է հիմա Լիբիայում: Ես բան չունեմ ասելու, միգուցե Կադդաֆին ոչ մեկի աչքի լույսը չէր, և միգուցե մարդկությունն ունի ավելի կատարյալ մարդկային ձևեր, բայց նա հաստատ ավելի վատը չէր, քան Սաուդյան Արաբիայի իշխանությունը, հաստա´տ: Էապես ավելի շատ էր մտածում իր ժողովրդի մասին և ԱՄՆ- հետ ուներ որոշակի հարաբերություններ: Բայց ինչ-որ մարդկանց ուրիշ բան էր պետք»,- նշեց Մանուչարյանը:
Ըստ նրա` այն հարվածները, որ պատրաստում են իրականացնել ամերիկյան ռազմածովային ուժերը Սիրիայի ուղղությամբ, կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Աշոտ Մանուչարյանի խոսքերով` «ստվերից կառավարում» իրականացնում են ինչպես գերտերությունների, այնպես էլ հայաստանյան իշխանությունները:
«Հազիվ թե Հայաստանում որևէ մեկը մտածի, որ հայ ժողովուրդը ցանկացել է Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ, կամ որևէ մեկը մտածել է հայ-թուրքական հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես զարգացավ: Հայաստանում մարդկանց ինչ-որ խումբ գալիս է համաձայնության համաշխարհային ինչ-ինչ ուժերի հետ և իրականացնում է ինչ-որ քաղաքականություն, որը կապ չունի ժողովրդի հետ:
Նույն բանն անում է Միացյալ Նահանգները: Որքան փորձում եմ հասկանալ` արդյոք բխո՞ւմ է ԱՄՆ-ի ժողովրդի շահերից մուտքը Իրաք, Աֆղանստան, Լիբիա և հիմա էլ` Սիրիա, չեմ գտնում որևէ շահ: Այսինքն` եթե այս վիճակում Հայաստանը լիներ անկախ երկիր, եթե ունենար սեփական արժանապատվություն և մի գրամ պատասխանատվություն հայության նկատմամբ…Չնայած Սիրիայի հայերը պաշտոնապես մեր քաղաքացիները չեն, բայց նրանք մեր մարդիկ են:
Եթե մենք պաշտոնապես ճանաչում ենք Ցեղասպանությունը, պարտավոր էինք ամենակարծր ձևով պաշտպանել Սիրիայի հայերին: Հայաստանը պետք է խզեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը պետք է հայտարարեր, որ ԱՄՆ-ը պետական բանդիտիզմ է իրականացնում և պահանջեր նրանց գործողությունների միջազգային հետաքննություն»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը:
«Այսօր Հայաստանում ոչ մի խոսք չկա: Ես դեռ ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ իշխանություններին. նրանք ինչ-ինչ սահմանափակումներ ունեն, բայց որ ընդդիմությունը հանդես չի գալիս այպիսի գնահատականներով և այսպիսի պահանջներով…Եթե նա չի փորձում աշխարհի տարբեր ծայրերում, առաջին հերթին` ԱՄՆ-ում գտնել դաշնակիցներ, որոնք հետաքննություն կիրականացնեն, թե ո՞ւմ հրահանգն է հիմա կատարում ամերիկյան պետական մեքենան… Սա հանցագործություն է մարդկության դեմ, և այդ հանցագործությունը պետք է կասեցվի»,- ավելացրեց նա: