Human Rights Watch-ը 100 էջանոց զեկույց է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին (տեսանյութ)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը նպատակամղված կերպով իրականացնում է այլակարծներին կամայականորեն սահմանափակելու քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով նվազագույնի հասցնել ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, սահմանափակել իշխանությունների հանդեպ հրապարակավ քննադատությունը և պետության համար ապահովել հասարակական կազմակերպությունների նկատմամբ մեծ վերահսկողություն:
Ազատ արտահայտվելու, ազատ հանրահավաքների վրա այս հարձակումն իրականացվում է 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: Այս մասին նշված է Ադրբեջանի վերաբերյալ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 100 էջանոց զեկույցում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանում կտրուկ վատթարացել է ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի իշխանությունները կեղծ մեղադրանքներով կալանքի տակ են առել տասնյակ քաղաքական ակտիվիստների, վանդակաճաղերից այն կողմ են ուղղարկել քննադատաբար տրամադրված լրագրողներին, ցրել են խաղաղ հանրահավաքները և իրականացրել են օրենսդրական հավելյալ սահմանափակումներ՝ կապված հիմնական ազատությունների իրագործման հետ:
Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապահովի բոլոր այն մարդկանց ազատ արձակումը, որոնց ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով անհիմն մեղադրանքներով՝ ներառյալ քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքացիական այլ ակտիվիստների: Զեկույցում անհրաժեշտ է համարվում ընդդիմադիրների հանդեպ կեղծ մեղադրանքներ օգտագործելու պրակտիկային վերջ դնելը: