
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը դատարանին է հանձնել Մուրսիի գործը

Եգիպտական Al Hayat հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երեկ դատարանին է հանձնել հուլիսի 3-ին զինվորականների կողմից պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի գործը: Նախկին նախագահը և «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 ղեկավարներ մեղադրվում են բռնություն և արյունահեղություն հրահրելու մեջ:
Դրա հետ կապված՝ որպես գլխավոր միջադեպ է նշվում նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Կահիրեի «Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ գրանցված միջադեպը, որը մարդկային կյանքեր էր խլել:
Այդ օրը Մուրսին ՆԳՆ-ից ու Հանրապետական գվարդիայից պահանջել էր ցրել իր նստավայրի պատերի տակ հավաքված ցուցարարներին, սակայն իրավապահներն ու զինվորականները հրաժարվել էին ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Այդ ժամանակ Մուրսին օգնության էր կանչել իսլամականների զինված խմբավորմանը, որոնք էլ հարձակվել էին ցուցարարների վրա: Բախման հետևանքով զոհվել էր 5 և վիրավորվել էր ավելի քան 600 մարդ: