
Սիրիայի մասին Օբամայի ներկայացրած առաջարկը պետք է վերամշակվի Սենատում

Politico թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորները մտադիր են ուղղումներ կատարել Սպիտակ տան առաջարկած բանաձևի նախագծում, որով արտոնվում է սիրիական վարչակարգի դեմ ռազմական գործողություններ սկսելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին.
«Փաստաթուղթը պլանավորված է վերամշակել Սենատում: Բազմաթիվ օրենսդիրներ կարծում են, որ վարչակազմի առաջարկին չի բավականացնում կոնկրետությունը: Բանաձևը պետք է շարադրված լինի ավելի հստակ, որպեսզի լինի ընդունելի»:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 31-ին դիմել է օրենսդիրներին՝ ստանալու համար ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ նրանց համաձայնությունը: Այդ բանաձևի նախագծի համաձայն, Պենտագոնի առաջադրանքն է լինելու սիրիական վարչակազմին զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) օգտագործելուց զրկելը: