Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները նվազել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 425.8 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.9 մլրդ. դրամ կամ 29.1 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 17.2%-ով։ Ստացված օգնության 51.1%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.8%-ը` մանածագործական իրերը, 7.7%-ը`սարքեր և ապարատները, 5.3%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.0%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 4.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, 3.3%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.8%-ը` մնացած ապրանքները: Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալով առաջին տեղում ԱՄՆ-ն է (7.9 միլիոն դոլար), որին հաջորդում են Շվեյցարիան (4.4 միլիոն) և Գերմանիան (3 միլիոն)։