Համացանցային հսկաները ցանկանում են հրապարակել հատուկ ծառայությունների հարցումները
ԱՄՆ-ի կառավարության հետ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում «Microsoft»-ի, «Facebook»-ի, և «Google»-ի, բանակցությունները՝ կապված ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մանրամասների բացահայտման հետ, ավարտվել են անարդյունք: Ինչպես հաղորդել է ուրբաթ օրը «Լոս-Անջելես թայմսը», այժմ համակարգչային հսկաները պետք է դատարանում պաշտպանեն հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկատվությունը հրապարակելու իրենց իրավունքը: Այս մասին գրում է «Փաստնֆոն»՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Հուլիսին կորպորացիաները հայց էին ներկայացրել ամերիկյան կառավարության դեմ, հղում անելով ԱՄՆ-ի սահմանադրության առաջի փոփոխությանը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը: Դրա հետ միասին, կողմերը սկսել էին իրենց հավակնությունները կարգավորելու ուղղությամբ բանակցություններ՝ մտադիր լինելով գործը չհասցնել մինչև դատարան: Սակայն ուրբաթ օրը «Microsoft»-ի գլխավոր իրավաբան Բրեդ Սմիթը հայտնել է, որ երկխոսությունն ավարտվել է անարդյունք:
«Բանակցությունների խափանման պատճառով մենք պարզաբանումները կշարունակենք դատարանում»,- հայտարարել է Սմիթը: Իր հերթին նրա գործընկերը «Facebook»-ից՝ Քոլին Ստրեչը, նշել է, որ սոցիալական ցանցը «խորապես հիասթափված է այն բանից, որ չնայած շատ ամիսների ընթացքում տեղի ունեցած բանակցություններին, կառավարությունն այդպես էլ չի թույլատրել հրապարակել տեղեկատվություն հետախուզության վերաբերյալ»:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: